Home / Հայաստան / Մայիսին ծննդաբերած կինը դեռ կոմայի մեջ է. ամուսինը հրաժարվում է անջատել ապարատից

Մայիսին ծննդաբերած կինը դեռ կոմայի մեջ է. ամուսինը հրաժարվում է անջատել ապարատից

«Վանաձորի բժշկական կենտրոնում» մայիսին ծննդաբերելուց հետո կոմայի մեջ ընկած և մինչ օրս Էրեբունի բժշկական կենտրոնում արհեստական ճանապարհով գոյատևող Լիլիթ Նալբանդյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Նալաբանդյանի շահերի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ հոկտեմբերի 16-ին դիմել է քննիչին:

Նշենք, որ քննիչի որոշմամբ՝ մայիսի 31-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի վերաբերյալ եզրակացությունը ստացվել է միայն սեպտեմբերի 10-ին:

«Փորձաքննությունը կատարվել է թերի և ոչ լիարժեք մասնագիտական, նրանում ներկայացված հետևությունները կասկածելի են և արժանահավատ չեն. փորձագետները ցանկացել են կոծկել բժիշկների անօրինական գործողություններն ու անգործությունը: Մասնավորապես, փորձագետները նշել են, որ Լիլիթ Նալբանդյանի մոտ առաջացել է թրոմբոէմբոլիա, որն, ըստ Լիլիթի հարազատների, չի համապատասխանում իրականությանը», – ասել է փաստաբանը:

Վերջինս պատմել է, թե Լիլիթի ամուսինը՝ Արտակ Բարսեղյանը, դիմել է քննիչին՝ պահանջելով նշանակել կրկնակի փորձաքննություն և փորձաքննության կատարմանը մասնակից դարձնել իրեն և իր կողմից հրավիրված փորձագետին:

«Դիմումը բավարարվել է, և սեպտեմբերի 25-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային փարձաքննություն: Շուրջ 6 ամիս չկար հարուցված քրեական գործ, ինչը խնդիրներ կարող էր առաջացնել Լիլիթի իրավունքների պաշտպանության հարցում, ուստի դիմեցինք քննիչին, նա էլ բավարարեց մինջնորդությունը:

Քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով):

Մեր թղթակցի հետ զրույցում Լիլիթի ամուսինը՝ Արտակ Բարսեղյանը, պատմել է, թե կնոջ վիճակը օրեցօր վատթարանում է, ու չնայած բժիշկները առողջացման ոչ մի հույս չեն տալիս և  հորդորում են «տուն տանել», ինքը, այնուամենայնիվ, շարունակելու է խնամել անգիտակից կնոջը:

«Ասում են՝ «մեկ ա, ոչ մի փրկություն չկա, անջատենք ապարատից՝ դու էլ ես մեղք, ինքն էլ», ես ուշադրություն չեմ դարձնում, Լիլիթը առանց ապարատների չի կարողանա շնչել, ես էլ իմ ձեռքով նրան չեմ սպանի», – ասել է ամուսինը: