Home / Հայաստան / Հարազատները 1-ամյա երեխայի մահվան մեջ բժշկին են կասկածում. վերջինիս փաստաբանը հերքում է մեղադրանքները

Հարազատները 1-ամյա երեխայի մահվան մեջ բժշկին են կասկածում. վերջինիս փաստաբանը հերքում է մեղադրանքները

1 տարեկան Մերի Սարգսյանի մահվան պատճառ է հանդիսացել սխալ պատվաստումը: Նման կարծիք է Epress.am-ի հետ զրույցում հայտնել նոյեմբերի 11-ին մահացած երեխայի հորաքույրը՝ Կարինե Սարգսյանը: Նա հավելել է, որ  հարազատները սպասում են դատաբժշկական փորձաքննության պատասխանին ՝ հետագա քայլերը որոշելու համար:

Երեխան մահացել է Երևանի Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր,  քանի որ ջերմ իջեցնող միջոցներով հնարավոր չէր եղել փոխել վիճակը տնային պայմաններում: Մեկամյա աղջիկը պատվաստումից 5 օր հետո ընկել է կոմայի մեջ, մի քանի օր հետո մահացել:

«Հույս ունենք, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները անաչառ և հստակ ցույց կտան՝ ինչն է երեխայի մահվան պատճառն եղել:

Չնայած կասմածում ենք, որովհետև և առողջապահության նախարարությունը և բժիշկի փաստաբանը այնպիսի դիրք են բռնել՝ կարծես մենք ենք իրենց վնասել, ոչ թե իրենք մեզ»,- ասել է Կարինե Սարգսյանը:  

Ինչևէ, պատվաստումը իրականացրած բժիշկ Սոնյա Սուրենովնայի փաստաբան Սյուզաննա Գարեգինյանը հերքում է, որ երեխայի մահվան պատճառը բժշական սխալ միջամտությանն է:

«Երեխան ներկայացել է հիվանդանոց և մանրակրկիտ հետազոտման է ենթարկվել: Նա եղել է լիակատար առողջ, և բժիշկը, որը ունեցել է երեսուն տարվա փորձ, չէր կարող սխալվել, որևէ թաքնված հիվանդություն երեխայի մոտ չէր կարող լինել, նման դիագնոզ չկա, գոյություն չունի: Նա լիարժեք առողջ է եղել և պատվաստվել է, իսկ պատվաստումից երեք-չորս օր հետո ևս երեխան եղել է հսկողության տակ: Պատվաստումից հետո, եթե որևէ բան զարգանար, ապա այդ ընթացքում պիտի զարգանար: Հնարավոր չէր նման բան», – Galatv.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը:

Երեխայի հարազատները կարծում են, որ իրենց դրության մեջ չեն մտնում և պետությունը ամեն ինչ անում է՝ գործը կոծկելու և հրապարակային չդարձնելու համար:

«Ամենացավալին այն է, որ մեր երկրի շատ համակարգեր են էդ օրին, որ հասարակ մահկանացուն պաշտպանված չէ և չի կարող պետությունից ոչ մի աջակցություն ստանալ, ամեն ինչ փորձում են ծածուկ պահել, փակել, կոծկել»,- ասել է Սարգսյանը: