Home / Հայաստան / Ֆրանսիայի քաղաքացին շահել է նախկին պատգամավորի դեմ դատը

Ֆրանսիայի քաղաքացին շահել է նախկին պատգամավորի դեմ դատը

Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն. ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը: 

Բանն այն է, որ 2010թ. նոյեմբերի 15-ին Նապոլեոն Ազիզյանը ֆրանսիայի քաղաքացուց մեկ ամիս ժամկետով պարտքով վերցրել է 22 մլն. դրամ` պարտավորվելով այն մեկ ամսից չվերադարձնելու դեպքում վճարել 4 տոկոսի չափով տուգանք: Անցել է 2 տարի, իսկ Նապոլեոն Ազիզյանը չի վերադարձրել ոչ պարտքը, ոչ էլ տոկոսները: 2 տարի անօգուտ սպասելուց հետո ֆրանսիացին ի վերջո դիմել է դատարան և շահել դատը:

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախկին պատգամավորին պարտավորեցրել է վճարել 22 մլն. դրամը և այդ գումարի նկատմամբ սկսած 2010 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվարկված տոկոսները: 

Նախկին պատգամավորը բողոքարկել է հիշյալ որոշումը վերաքննիչ դստարանում: Սակայն այս ատյանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Որոշումն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ: