Home / Հայաստան / Էլցանցի աշխատակիցները աշխատանքից զրկվելու դեպքում մտադիր են դատարան դիմել

Էլցանցի աշխատակիցները աշխատանքից զրկվելու դեպքում մտադիր են դատարան դիմել

Արդեն երրորդ օրն է, ինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում եռակողմ քննարկումներ են ընթանում, որի ընթացքում փորձում են լուծել խոշոր սպառողների դեպարտամենտի 41 աշխատողների հարցը: Հիշեցնենք, որ ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ նրանց աշխատանքից ազատելու են, սակայն կազմակերպած բողոքի ակցիայից հետո ղեկավարությունը աշխատողների հետ քննարկումներ է սկսել: Քննարկումներին մասնակցում են դեպարտամենտի, արհմիության և էլցանցերի  տնօրինության ներկայացուցիչները:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է խոշոր սպառողների դեպարտամենտի աշխատակից Դավիթ Հասրաթյանը, քննարկումը դեռ արդյունք չի տվել, սակայն իրենք «դեռ հույսերը չեն կորցրել», քանի որ աշխատանքից ազատելու որոշումը փաստացի գոյություն չունի:

«Մեզ հետաքրքրում է միայն այն, որ մենք մեր աշխատանքը չկորցնենք, 41 հոգի անգործ չմնա: Թե դա կլինի դեպարտամենտը պահպանելով, թե մեզ այլ բաժիններում աշխատանք տալով, երկրորդական է մեզ համար: Ուղղակի մեզ զարմացնում է այն, որ մեր դեպարտամենտը փորձ է արվում փակել, քանի որ մենք ամենաբարձր ցուցանիշներն ենք ցույց տալիս: Երևի անձնական հարցեր կան, չգիտեմ»,-ասել է Հասրաթյանը:

Դեպարտամենտի աշխատողները նաև ասում են, որ որոշումն անօրինական է, քանի որ այն կայացվել է առանց Մոսկվայում գտնվող «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» մայր  ընկերության տնօրենների խորհրդի որոշման:

«Մենք շատ լուրջ ենք տրամադրված: Եթե անհրաժեշտություն լինի, դատարան էլ ենք դիմելու՝ մեր աշխատանքը պահելու համար»,- ասել է Հասրաթյանը:

Վերջինս նաև ասել է, որ տեղեկություն ունի, թե 2014 թվականի սկզբից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում նոր կրճատումներ են լինելու: