Home / Հայաստան / Վրաստանն ու ԵՄ-ը նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը

Վրաստանն ու ԵՄ-ը նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը

Վրաստանի ու Եվրամիության միջև Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի նախաստորագրման տեխնիկական գործընթացը, որն ացկացվում էր Լիտվայի ԱԳՆ-ում, արդեն ավարտվել է, հայտնում է Georgia Online կայքը:

ԵՄ-ի հետ ասոցացման վերաբերյալ փաստաթուղթը Վրաստանի կողմից ստորագրել է Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարար Դավիթ Զալքալիանին, իսկ Ազատ առևտրի վերաբերյալ փաստաթուղթը՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն:

«Սա Վրաստանի համար պատմական օր է: Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն անդառնալի բնույթ է ստանում: Այս համաձայնագրով մենք մտնում ենք Եվրոպայի հետ ինտեգրման իրավական գոտի: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այս համաձայնագիրը ԵՄ-ին անդամակցելու մասին չէ, բայց այն Վրաստանի եվրոպականացումն անդառնելի է դարձնում: Համաձայնագրի ստորագրումից հետո՝ Վրաստանը պետք է օրեցօր ամբողջական քաղաքական ասոցացում իրականացնի Եվրամիության հետ ու աստիճանաբար տնտեսապես ինտեգրվի եվրոպական ընտանիքին»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Զալքալիանին:

Նախաստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին: Փաստաթուղթը խորհրդանշական կերպով կստորագրի Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: