Home / Հայաստան / Ինչու Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը․ արձանագրել է հայտարարությունը

Ինչու Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը․ արձանագրել է հայտարարությունը

Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։ Այս մասին ասված է Հայաստանի և ԵՄ-ի միջև այսօր Վիլնյուսում ստորագրված համատեղ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, մինչդեռ դեռևս սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնելու։

«Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը։

Եվրոպական միությունը և Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարևորությունը:

Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։

Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը», – ասված է այսոր ստորագրված համատեղ հայտարարության մեջ։