Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ասել է՝ որն է Հայաստանի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչը

Սերժ Սարգսյանն ասել է՝ որն է Հայաստանի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչը

Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության ճարտարապետությունը՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար: Այսօր Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին հնչեցրած իր ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը։

«Այդպիսի հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության՝ գիտակցված պահանջարկը:

Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին:

«Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են «մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ»:

«Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։

Հենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից», – նշել է Սարգսյանը: