Home / Հայաստան / Պուտինին Հայաստանում կդիմավորեն հավաքով և երթով

Պուտինին Հայաստանում կդիմավորեն հավաքով և երթով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան ժամանման օրը` դեկտեմբերի 2–ին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «ռուսական գաղութատիրության դեմ և Հայաստանի ինքնիշխանությունը հաստատող» մի շարք միջոցառումներ են կազմակերպելու:

Միջոցառումների կազմակերպիչներից են «Արժանապատիվ հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան», «Պուտինի ոտքը հայոց հողին չի լինի», «Ոչ Հայաստանի գաղութացմանը», «Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը», «Armenia vs Putin» քաղաքացիական նախաձեռնությունները:

Նախաձեռնությունները ժամը 13։00–ին հավաքվելու են Ազատության հրապարակում, որին հաջորդելու է երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր` Հյուսիսային պողոտա–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

«Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից. հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը, հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից»,- ասված է «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Մյուս ակցիաների մասին նախաձեռնություններն այս պահին նպատակահարմար չեն համարում հրապարակային հայտարարություններ անել:

«Մաքսային միությանը և Եվրասիական միությանը միանալու արդյունքում մեր երկիրը ստիպված է լինելու զիջել ինքնուրույն որոշումներ ընդունելու իր գործառույթը վերպետական մի մարմնի, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Բացի դա, դրանով Հայաստանն իր ապագան կապում է բռնապետական կառավարման համակարգ ունեցող, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները շարունակաբար ոտնահարող և բնական ռեսուրսների գերշահագործման վրա հիմնված, հետամնաց տնտեսություն վարող երկրների հետ»,- ասված է «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության հռչակագրում: