Home / Հայաստան / Ռուսաստանը և Սերժ Սարգսյանը գործում են կայսրության տրամաբանության ներքո․ պատգամավոր

Ռուսաստանը և Սերժ Սարգսյանը գործում են կայսրության տրամաբանության ներքո․ պատգամավոր

Փաստացի, Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը: Այս մասին ասված է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ ԱԺ այսօրվա նիստի հայտարարության մեջ։

«Ռուսաստանը, Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով, արատավոր և ի սկզբանե դատապարտված համակարգի շահագործումից չհրաժարվելով, շարունակեց շահագործել այն ՌԴ-ում, որի տնտեսությունը բնութագրվում է երեք բառով` «խողովակ և այն սպասարկող մարդկանց» տնտեսություն: Եթե ՌԴ-ում ընթացող բոլոր պրոցեսները շարունակվեն նույն մակարդակով մոտակա 10 տարիների ընթացքում, ապա կանխատեսվում է այդ երկրի աշխարհագրական քարտեզի հսկայածավալ փոփոխություն, ՌԴ-ի մասնատում:

Մաքսային և Եվրասիական միությունների իրագործումը նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասնակցությամբ, Ռուսաստանի պետական կառավարման և տնտեսական մոդելի այս պայմաններում անհնար է:

Այսօր Ռուսաստանի համար կարևոր է ձեռք բերել ու պահել իր զարգացման դրական դինամիկան և իրականացնել արդյունավետ պետական կառավարում ՌԴ-ի ներկայիս սահմաններում: Կայսերական նացիոնալիզմով և ռուսական շովինիզմով առաջնորդվողների համար նման նպատակի իրագործումը թվում է շատ համեստ ցանկություն, սակայն հենց այս հարցի լուծումից է կախված` արդյոք 10 տարի հետո ՌԴ-ն կլինի, թե ոչ, մինչդեռ այդ նպատակին հասնելն այսօր արդեն գրեթե անհնար է:

Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրական» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՝ Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր:

Վերջին 20 տարիների ընթացքում, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենում նոր քաղաքակրթության ձևավորում և պայքար քաղաքակրթությունների միջև, պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում է գործել հին խորհրդային կայսրության տրամաբանության ներքո, որը անխուսափելիորեն գրանցելու է պարտություն, իսկ հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորման դեպքում, ինչպես 20 տարի առաջ կրկին նոր բեկում մեր ժողովրդի պատմության մեջ», – մասնավորապես, հայտարարել է Փոստանջյանը: