Home / Հայաստան / Սիրիական պատերազմը վարում են սպանված հայերի ոսկորների վրա․ The Independent

Սիրիական պատերազմը վարում են սպանված հայերի ոսկորների վրա․ The Independent

Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց հայերը շարունակվում են ոչնչացվել Սիրիայում։ Այս մասին The Independent թերթում գրում է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսքը։ Ըստ նրա՝ «Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի մտադրված զանգվածային ոչնչացումը 20-րդ դարի առաջին Հոլոքոստն էր»։

Հոդվածագիրը պատմում է, որ ավելի քան 30 տարի առաջ Սիրիայում Հաբուր գետի մոտ գտնվող բլրի լանջից փորել ու գտել են ցեղասպանության զոհերի ոսկորներ ու գանգեր։

«Սիրիական պատերազմը վարում են սպանված հայերի ոսկորների վրա, իսկ կենդանի մնացած քրիստոնյա հայերի ժառանգները, ովքեր ապաստան էին գտել [Սիրիայում], կրկին ստիպված էին փախուստի դիմել՝ Լիբանան, Եվրոպա, Ամերիկա։ Եկեղեցին, որտեղ իբր իրենց վերջին հանգրվանն են գտել սպանված հայերի ոսկորները, վնասվել է նոր պատերազմի ժամանակ։ Ոչ ոք, սակայն, չգիտի՝ ով է դրա մեղավորը»,- գրում է Ֆիսքը։

Հեղինակը նշում է, որ Սիրիայում կոնֆլիկտի հետևանքով վնասվել է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցին․ «Ես զանգահարեցի [Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ] Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, ով ինձ ասաց, որ թեև եկեղեցին իսկապես վնասվել է, սրբավայրը անխաթար է մնացել։ Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակն ավելի կարևոր է, քան եկեղեցին։ Նա ճիշտ է, սակայն, պետք է նշեմ, որ եկեղեցին հայերի հոլոքոստի վկան, հուշարձանն է։ Այն նույնքան կարևոր է, որքան Հոլոքոստի զոհերին նվիրված «Յադ Վաշեմ» հուշարձանն Իսրայելում։ Ու թեև Իսրայելն ամոթաբար պնդում է, որ Հայոց ցեղասպանությունը ամենևին էլ «ցեղասպանություն» չէր, իրենք՝ իսրայելցիները, հայերի սպանությունները որակելու համար օգտագործում են Շոա (Հոլոքոստ)բառը։

Ռաքքայում՝ ընդդիմության կողմից ամբողջովին գրավված շրջկենտրոնում, սալաֆիական զինյալները ավիրել են Սուրբ Նահատակների հայկական առաքելական եկեղեցին ու կրակի տվել եկեղեցու գույքը։ 1915 թվականին հայերին ոչնչացնել փորձող թուրքերի ժառանգներն արդեն միացել են «Ալ Քաիդա»-ի զինյալներին ու հարձակվել հայկական եկեղեցու վրա։ Ժամացույցի աշտարակի վրայի խաչը ոչնչացվել է ու փոխարինվել Իրաքի Իսլամական հանրապետության ու Լևանտի դրոշով»։

Հեղինակը հիշեցնում է, որ նոյեմբերի 11-ին Դամասկոսում ռմբակոծման ենթարկվեցին հայկական դպրոց ու դպրոցական ավտոբուսներ, ինչի հետևանքով երկու հայ դպրոցական մահացավ։ Մեկ օր անց Հալեպից Բեյրութ ընթացող հայկական ավտոբուս թալանվեց։ Երկու օր անց, ինչպես նշում է հեղինակը, Հալեպում ականի պայթյունից սպանվեց հայազգի Գևորգ Բոգասյանը։

Լրագրողն ընդգծում է, որ Սիրիայում հակամարտության հետևանքով 65 հայ է սպանվել, ավելի քան 100 մարդ առևանգվել է։

«Հայերը, ինչպես Սիրիայի մյուս քրիստոնյաները, չեն սատարում Ասադի ռեժիմի դեմ հեղափոխությունը, սակայն նրանց հազիվ թե կարելի է Ասադի աջակիցներ անվանել»,- եզրափակում է Ֆիսքը։