Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանին թույլ չեն տվել մտնել ոստիկանություն՝ բերման ենթարկված ակտիվիստների մոտ

Իրավապաշտպանին թույլ չեն տվել մտնել ոստիկանություն՝ բերման ենթարկված ակտիվիստների մոտ

Իրավապաշտպան, փաստաբան Արտակ Զեյնալյանը երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց պաշտպանելու համար ներկայացել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, սակայն նրան թույլ չեն տվել ներս մտնել և իրավաբանական աջակցություն ցույց տալ քաղաքացիներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Արտակ Զեյնալյանն ասել է, որ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանության բաժնում խոչընդոտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիրցների աշխատանքը:

«Նրանց Ոստիկանություն են տարել ոչ թե արձանագրություն կազմելու համար, այլ նպատակ են ունեցել խոսքի ազատության իրավունքը, ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը ճնշել:

Պատասխանատվությունը կրում է Ոստիկանությունը, անկախ նրանից՝ որ բաժին են տարել: Նպատակը եղել է Հայաստանի ինքնիշխանությունը ստորադասելը Մաքսային միությանը: Հետապնդումն իրականացվել է քաղաքական նպատակներով: Ծեծը, որ իրականցվել է մեքենաների մեջ, անմարդկային վերաբերունք էր, ուժի կիրառումը չի եղել համաչափ: Ձեռնաշղթաների կիրառումը ևս անմարդկային վերաբերմունք է: Սահմանափակված է եղել քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը, քանի որ նրանց թույլ չեն տվել օգտվել հեռախոսից»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ խախտումներն ինքը նշում է՝ հղում անելով մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային, քանի որ ՀՀ Սահմանադրությունը, Զեյնալյանի բնորոշմամբ, «մեր երկրում գրոշի արժեք չունի»: