Home / Տեսանյութեր / Դեկտեմբերի 5-ին Հյուսիսային պողոտայում կխոսեն ընտանեկան կոնֆլիկտների հաղթահարման ուղիների մասին

Դեկտեմբերի 5-ին Հյուսիսային պողոտայում կխոսեն ընտանեկան կոնֆլիկտների հաղթահարման ուղիների մասին

Վաղը Հյուսիսային պողոտայում՝ ժամը 14։00-ից 16։00-ն «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն՝ «Հայաստանի Սևազգեստ Կանայք» շարժման շրջանակներում, միջոցառում են կազմակերպում, որն ուղղված կլինի կոնֆլիկտի հաղթահարման կարևորությանը՝ որպես ընտանեկան խաղաղության գրավական:

Միջոցառումը կրում է «Լուծի´ր կոնֆլիկտը, փրկի´ր ընտանիքդ» խորագիրը:

«Ակցիայի մասնակիցները տեղեկատվական պաստառների և թեմատիկ կերպարների միջոցով կներկայացնեն կոնֆլիկտների առաջացման հնարավոր պատճառները, դրանց բացասական ազդեցությունն ընտանիքի վրա և կոնֆլիկտի հաղթահարման ուղիները: Ակցիայի ընթացքում անցորդներին կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ «Սևազգեստ Կանայք» միջազգային շարժման և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: Նախատեսվում է նաև ունենալ տեղեկատվական սեղանիկ՝ կազմակերպության ու նախաձեռնության մասին հավելյալ տեղեկատվության տրամադրման նպատակով», – ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: