Home / Հայաստան / Որոտանի ՀԷԿ-երի համալիրն առայժմ չի վաճառվել ոչ ամերիկացիներին, ոչ ռուսներին, պնդում է նախարարը

Որոտանի ՀԷԿ-երի համալիրն առայժմ չի վաճառվել ոչ ամերիկացիներին, ոչ ռուսներին, պնդում է նախարարը

Այսօր ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչների հետ հարցուպատասպանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հարց են բարձրացրել Որոտանի հէկերի համալիրը վաճառելու մասին: Նշենք, որ նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ համալիրը վաճառվելու է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը, սակայն այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, որ հայկական կողմը կարող է հրաժարվել ամերիկացիների հետ գործարքից՝ հօգուտ Ռուսաստանի։

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին (լուսանկարում) Փոստանջյանն ասել է, որ դեռ նախկինում քննարկվում էր «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Որոտանի ՀԷԿ-երի համալիրը Ռուսաստանին հանձնելու հարցը:

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ Որոտան կասկադի հարցը «Գույք պարտքի դիմաց» ծրագրի բանակցային սեղանին չի եղել: Առաջին անգամ ձեզանից եմ լսում», – ասել է Էներգետիկայի նախարարը:

Արծվիկ Մինասյանը նախարարին խնդրել է մատնանշել այն իրավական հիմքերը, որոնցով ՀԷԿ-երի համալիրը վաճառում են:

«Գործարք չկա, որ մտածենք՝ իրավական կողմը ոնց ենք անելու: Խնդիրը կառաջանա, էդ ժամանակ կլուծենք», – ասել է Արմեն Մովսիսյանը:

Մինասյանը ընթերցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որով համաձայնություն է տրվել համալիրը վաճառել ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը:

«Դա ընդամենը դիմել ենք հանձնաժողով, որ տեսնենք՝ հանձնաժողովը թույլ կտա՞, թե՞ չէ: Բայց գործարք չկա»,- ասել է նախարարը:

Լուսանկարը՝ azatutyun.am