Home / Հայաստան / Սաակաշվիլին դեկտեմբերի 7-ին կմասնակցի Կիևի «Եվրամայդանին»

Սաակաշվիլին դեկտեմբերի 7-ին կմասնակցի Կիևի «Եվրամայդանին»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է դեկտեմբերի 7-ին մասնակցել Կիևի «Եվրամայդանին»։ Այս մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկիի օգնական Յոհաննա Բեքերը։ Եվրամայդանին մասնակցելու նպատակով Ուկրաինայի մայրաքաղաք կժամանան նաև ինքը՝ Սարիուշ-Վոլսկին, ու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները փոփոխությունների հույս են ներշնչում: Հասարակությունը կողմ է Ուկրաինայի եվրոպական կուրսին և դեմ է եվրոպական երազանքներն ու ձգտումները խլող իշխանությանը»,- հաղորդագրության մեջ նշել է Սարիուշ-Վոլսկին։

Ըստ պատգամավորի՝ եվրաինտեգրման օգտին պայքարող ուկրաինացիներին Եվրախորհրդարանում ամենից շատ աջակցում է հենց «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը»։

«Ուկրաինայի հասարակությունը, Եվրամայդանին մասնակցելով, իր համար ճանապարհ է հարթում դեպի Եվրամիություն»,- նշել է «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փոխնախագահը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ իշխանությունը «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ հայտարարեց եվրաինտեգրման դադարեցման մասին։