Home / Տեսանյութեր / Սպանության մեջ մեղադրվողը կալանքի տակ կմնա․ փաստաբանը վստահ է՝ գործի բացահայտումը վտանգված է

Սպանության մեջ մեղադրվողը կալանքի տակ կմնա․ փաստաբանը վստահ է՝ գործի բացահայտումը վտանգված է

Lոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Կարեն Կունգորցևին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Կունգորցևի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը, դատարանն, ըստ էության, բավարարել է մի միջնորդություն, որն ամբողջությամբ անհիմն էր: Քննիչն իր միջնորդությունը հիմնավորել էր բացառապես օրենսդրական ձևակերպումներով, առանց որևէ կոնկրետ և հիմնավոր պատճառ վկայակոչելու:

Պապիկյանի խոսքով՝ կայացրած որոշմամբ դատարանն անտեսել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից բազմաթիվ նախադեպային որոշումներով սահմանած այն դիրքորոշումը, համաձայն որի կալանքի ժամկետը երկարացնելու համար միաժամանակ պետք է առկա լինեն հիմնական երկու չափանիշներ՝

1. շարունակվում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.

2. գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը:

«Միջնորդությունից զատ, քննիչը որևէ փաստ կամ ապացույց չներկայացրեց՝ ի հիմնավորումն դրա, փոխարենը պաշտպանական կողմը ներկայացրեց անժխտելի փաստեր և ապացույցներ, որ նախաքննական մարմինը՝ սկսած գործի քննության առաջին ժամերից, ցուցաբերել է կամ անգործություն կամ ոչ պատշաճ աշխատանքի կատարում: Չեն կատարվել կամ ուշացումով են կատարվել դատավարական բազմաթիվ կարևոր գործողություններ, չի ապահովվում գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը, պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունները օրենքով սահմանված կարգով լուծումներ չեն ստանում, գործի քննության համար ի սկզբանե ընտրվել և ներկայումս էլ ընթանում է մի ուղղություն, որն արդեն իսկ վտանգել է ճշմարտության բացահայտմանը», – ասել է Պապիկյանը:

Փաստաբանը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

Ավելի վաղ 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության գործի հետքերով eTV-ի նկարահանող խումբը և գործի դիտարկումն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպանները մեկնել էին Վանաձոր: Արայիկ Պապիկյանը ներկայացրել էր պաշտպան կողմի տեսակետը, խոսել էր խախտումների մասին:

Մանրամասները՝ eTV-ի տեսանյութում