Home / Հայաստան / ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում լսել ժողովրդի ձայնը

ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում լսել ժողովրդի ձայնը

Ուկրաինայում քաոս է սպասվում, եթե երկրի իշխանությունները չընդառաջեն ժողովրդի ակնկալիքներին։ Կիևում ԵԱՀԿ նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նյուլանդը։

«Ուկրաինան ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Այժմ [իշխանությունները] կամ կընդառաջեն ժողովրդին, կամ կհիասթափեցնեն։ Վերջինիս դեպքում երկիրը կբախվի բռնության ու քաոսի»,- Նյուլանդի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս»-ը։

«Ուկրաինայի ժողովրդի ձայնն այսօր արտացոլում է այն բազմաթիվ ձայները, որ մենք նախկինում լսել ենք այստեղ ու ԵԱՀԿ անդամ այլ երկրներում»,- հավելել է նա։

Նյուլանդի խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի ժողովրդի կողմն է, «որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ուզում է՝ երկիրը վերադառնա տնտեսական բարեկեցության ու միասնականության»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նշել է, որ ԵԱՀԿ սկզբունքներն ու արժեքները Ուկրաինայում ստեղծված իրավիճակից միայն մեկ ելք են ենթադրում․ «Բոլոր կողմերը պետք է հրաժարվեն բռնությունից։ Նրանք, ովքեր խախտում են մարդու իրավունքները, պետք է պատժվեն։ Ահրաժեշտ է պահպանել խոսքի ու հավաքների ազատությունը, լրագրողները պետք է պաշտպանվեն․ պետք է հավատարիմ մնալ ժողովրդավարական նորմերին ու օրենքի գերակայության սկզբունքին»։