Home / Տեսանյութեր / Կառավարությունը գազի գնի մասին խաբել է ընտրությունների պատճառով․ պատգամավոր

Կառավարությունը գազի գնի մասին խաբել է ընտրությունների պատճառով․ պատգամավոր

«ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանին պատկանող 20 տոկոսը հանձնվեց Ռուսաստանին 65 միլիարդ դրամ պարտքի դիմաց։ Այդ պարտքը կուտակվել էր վերջին տարիների ընթացքում, քանի որ կառավարությունը խաբել է ժողովրդին՝ ասելով, որ ռուսական կողմը Հայաստանի համար գազի գինը չի բարձրացրել։ Գազի գնի և այս շաբաթ գրանցված գործարքի մասին Ազգային ժողովում խոսել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Վերջինս այդ գործընթացը կապել է ընտրությունների հետ։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին 300 միլիոն դոլար է պարտք, քանի որ 2011 թվականից ընթացող բանակցությունների ժամանակ հայաստանցի սպառողի համար գազի գինը չի փոխվել, մինչդեռ գազն ավելի բարձր գնով է հաշվարկվել։ Ըստ Մովսիսյանի՝ բանակցությունների ընթացքում որոշվել է, այդ պարտքի կեսն իր վրա ռուսաստանյան կողմը կվերցնի, իսկ Հայաստանը կվճարի 155 միլիոն դոլար։

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Մանուկյանն ընդգծել է, որ 2008 թվականի ընտրություններից սկսած՝ յուրաքանչյուր համապետական ընտրություններից հետո գազի գինը բարձրացել է, բայց 5 անգամից միայն մեկ անգամ են ժողովրդին տեղյակ պահել այդ մասին։

Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ այդ մեկ դեպքում էլ թանկացման մասին հայտնել են ավելի ուշ․ պայմանագիրը կնքվել է 2013 թ․ մարտի 29-ին, սակայն գների բարձրացման մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ մայիսին։

Մանուկյանը նշել է, որ իշխանությունները գոնե պետք է գնահատեին «ՀայՌուսգազարդ»-ի՝ հայաստանյան կողմին պատկանող այդ 20 տոկոսը, քանի որ պարտքը կազմում էր 155 մլն․ դոլար, իսկ 20 տոկոս բաժնեմասը մոտ 250 մլն․ դոլար։

Փաստորեն, եզրակացրել է պատգամավորը, գազը Հայաստանի համար ավելի թանկ է արժեցել, քան դրա իրական գինն է։