Home / Տեսանյութեր / Պատգամավորը բացատրել է՝ ինչու ՀՅԴ-ն չի բողոքել Պուտինի այցի դեմ

Պատգամավորը բացատրել է՝ ինչու ՀՅԴ-ն չի բողոքել Պուտինի այցի դեմ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համարում է, որ յուրաքանչյուր մարդու իրավունքն է ակցիաներ կազմակերպել, սակայն իր կուսակցությունը չի մասնակցել դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպած բողոքի ցույցերին, քանի որ այդ այցը կապված էր «Հայաստանի անվտանգության համար համաձայնագրեր կնքելու անհրաժեշտության հետ»։

Epress.am-ի այն հարցին, թե ինչպես է Մինասյանը վերաբերվում այդ օրը ոստիկանության դրսևորած վարքին և 100-ից ավել մարդկանց բերման ենթարկելու փաստին, պատգամավորը հայաստանցի ոստիկանների պահվածքը համեմատել է այլ երկրների ոստիկանների վարքի հետ ու ասել է, թե մեր ոստիկանները բավական քաղաքակիրթ են գտնվել։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ համացանցում տարածված որոշ կադրերում նկատել է անհամաչափ գործողություններ։

Մինասյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունները պետք է քննարկել ոչ միայն Պուտինի այցի հետ կապված։ Նրա խոսքով՝ խնդիր է, երբ քիչ թվով ակցիայի մասնակիցների դեպքում, մեծ թվով ոստիկաններ են աշխատում։

Նա նշել է կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ անցկացվող ակցիաների օրինակը՝ ասելով, որ դրանց բարձր ինտելեկտի տեր մարդիկ են մասնակցում (մեծ է ծրագրավորողների թիվը – խմբ․) ու կարիք չկա նրանց դեմ մեծ թվով ոստիկաններ հանել։