Home / Հայաստան / Իրավապաշտպանը ոստիկանությունում պատմել է՝ ինչպես են ոստիկանները խլել իր տեսախցիկը

Իրավապաշտպանը ոստիկանությունում պատմել է՝ ինչպես են ոստիկանները խլել իր տեսախցիկը

Իրավապաշտպան Լալա Ասլիկյանի տեսախցիկը խլելու փաստի առթիվ ծառայողական քննությունը Ոստիկանությունում շարունակվում է: Այս մասին Ասլիկյանին հայտնել են ոստիկանությունում, որտեղ նրան կանչել էին բացատություն տալու համար: Իրավապաշտպանը ոստիկանությունում պատմել է, թե ինչպես են իր տեսախցիկը վերցրել՝ դեկտեմբերի 2-ին՝ Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպված երթի ժամանակ: Լալա Ասլիկյանը չի ներկայացրել իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարները, սակայն տեղեկացրել է, որ միջադեպը ֆիքսել են մի քանի ԶԼՄ-ների տեսախցիկներ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ամիրյան-Զաքյան խաչմերուկում։ Ասլիկյանին՝ երթի մի քանի այլ մասնակիցների հետ միասին, մտցրել են ոստիկանության մեծ մեքենան։ Ասլիկյանը փորձել է նկարահանումներ անել մեքենայում, սակայն ոստիկանները նրան դուրս են բերել՝ խլելով տեսախցիկը։

Ասլիկյանը պահանջել է վերադարձնել այն, բայց ոստիկանները նրան կոպիտ ձևով հեռացրել են տարածքից։ Քիչ անց ակտիվիստին մոտեցել են ոստիկաններ և խնդրել են գնալ և վերցնել տեսախցիկը: Մինչ Ասլիկյանը կանգ է առել և սպասել, որ տեսախցիկն իրեն վերադարձնեն, մի քանի ոստիկաններ բերման են ենթարկել նրան և տեղափոխել Ոստիկանության Կենտրոնի բաժին: