Home / Տեսանյութեր / Եզդիները ռասիստ ՀՀԿ-ական պատգամավորին զուգարանի թուղթ են նվիրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եզդիները ռասիստ ՀՀԿ-ական պատգամավորին զուգարանի թուղթ են նվիրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչներն այսօր Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ դժգոհելով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի ռասիստական արտահայտությունից:

Եզդիները Մանվել Բադեյանին փոխանցելու համար ավանակի նկար և զուգարանի թուղթ էին բերել:

Այդօրինակ «նվերներով» եզդիներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցչի, ինչպես իրենք են որակել, ռասիստական արտահայտության կապակցությամբ։ Այսօր Ազգային ժողովում լրագրողը հարց է ուղղել Բադեյանին՝ արդյոք նորմալ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ռուսերեն լեզվով է հեռարձակվում։

«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար,  չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում», – հայտարարել է Բադեյանը՝ հավելելով, որ «էդ հաղորդման աշխատանքային լեզուն ռուսերենն ա»:

«Սինջարի» ներկայացուցիչ Բորիս Թամոյանն (լուսանկարում) ասել է, որ պատգամավորի խոսքերն անգրագիտություն են, դա ընդհանրապես խոսք համարել չի կարելի, և իրենք զուգարանի թուղթը պատգամավորին են բերել, որպեսզի ՀՀԿ-ականը բերանը մաքրի: Ավանակի նկարն ու զուգարանի թուղթը բողոքողներն ընդունարան են հանձնել։

Թամոյանը նշել է, որ Հայաստանում բնակվող եզդիների համայնքի ներկայացուցիչները դիմելու են նաև ԱԺ էթիկայի հանձնաժողով, թեև կարծում են, որ հանձնաժողովում և ընդհանրապես ԱԺ-ում պատգամավորների մեծ մասը Բադեյանից չեն տարբերվում: «Սինջարի» ներկայացուցչի խոսքով՝ պաշտոնյաներն ազգային փոքրամասնության նկատմամբ հաճախ են նման վերաբերմունք ցուցաբերում։ Նա պատմել է, որ նախագահի թեկնածուներից մեկն էլ (անունը չի նշել – խմբ․) եզդիաբնակ գյուղում հայտարարել է, որ եզդիներին մանկապարտեզ հարկավոր չէ։