Home / Հայաստան / ԱԳՆ-ն հանդիպումից հետո կհայտնի՝ ինչի մասին են խոսել Նալբանդյանն ու Դավութօղլուն

ԱԳՆ-ն հանդիպումից հետո կհայտնի՝ ինչի մասին են խոսել Նալբանդյանն ու Դավութօղլուն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների, ուստի թուրքական կողմի փորձերը կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել ապարդյուն են և անիմաստ։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սևծովյան տնտեսական համագործակցության նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Թուրքական մամուլի հրապարակումները, թե Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը։  

Հարցին՝ արդյոք նախատեսվում է հանդիպում Դավութօղլուի հետ, Նալբանդյանը պատասխանել է․ «Հանդիպումներ են նախատեսված արտգործնախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում նաև Թուրքիայի արտգործնախարարի։ Իսկ ինչ ենք քննարկելու, դրա մասին կասենք հանդիպումից հետո»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը երեկ հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպում նախատեսված չէ։

Նշենք, որ այսօրվա նիստին զուգահեռ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության, «Ժառանգության» երիտթևի անդամները։ Դավութօղլուն հյուրանոց է մտել հետնամուտքից։