Home / Տեսանյութեր / Լրագրողներին վիրավորած ՀՀԿ-ականը վստահ է, որ չի պատժվի

Լրագրողներին վիրավորած ՀՀԿ-ականը վստահ է, որ չի պատժվի

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը համոզված է, որ լրագրողների դիմումը էթիկայի հանձնաժողով իր համար որևէ բացասական հետևանք չի ունենա, քանի որ ինքը էթիկայի նորմ չի խախտել: Այս մասին ՀՀԿ-ական պատգամավորն ասել է Epress.am-ի հետ զրույցում: Նա կրկնել է, որ որոշ լրագրողների համարում է բանսարկու և «այդպես էլ կա, դրա մեջ էթիկայի խախտում չկա»:

«Նորությո՞ւն է ձեզ համար, որ որոշ լրագրողներ զբաղվում են բանսարկությամբ: Ես համեմատել եմ տվյալ լրագրողին եզդի փողոց մաքրողի հետ և ասել եմ՝ նրա չափ խելք չունես, որովհետև դուք չգիտեք, որ փողոց մաքրողների ճնշող մեծամասնությունը եզդի է: Առավոտը շուտ վեր կացեք, նայեք»,- ասել է Բադեյանը: 

Հարցին, թե արդյոք այդ համեմատությունը, այնուամենայնիվ, վիրավորական չի համարում եզդիների համար, Բադեյանն ասել է. «Ընդհակառակը, ասել եմ, որ եզդի փողոց մաքրողը էդ լրագրողից խելոք ա»:

Ինչ վերաբերում է լրագրողների հետ հետագա շփմանը, պատգամավորն ասել է, որ «խելացի լրագրողների» հետ շփվելու է մեծ սիրով, իսկ «հիմարների» հետ չի շփվելու: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողը հարց է ուղղել Բադեյանին՝ արդյոք նորմալ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ռուսերեն լեզվով է հեռարձակվում։

«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում», – հայտարարել է Բադեյանը՝ հավելելով, որ «էդ հաղորդման աշխատանքային լեզուն ռուսերենն ա»:

Բադեյանի խոսքերից վրդովված, «Սինջար» եզդիների միավորման անդամները երեկ Ազգային ժողովի մոտ ակցիա էին անցկացրել՝ պատգամավորին զուգարանի թուղթ ու ավանակի պատկերով նկար ուղարկելով:

Հետագայում «Սինջար»-ը հայտարարություն էր տարածել, որի մեջ ասված էր, թե Մանվել Բադեյանը ներողություն է խնդրել եզդիներից։

Լուսանկարը՝ News.am