Home / Հայաստան / Ինչպես ղարաբաղցիներին «մտցնել» Ադրբեջան

Ինչպես ղարաբաղցիներին «մտցնել» Ադրբեջան

– 2013 թվականի վերջն է, իսկ ադրբեջանական հողի անգամ մի սանտիմետրը դեռ չի վերադարձվել։ Չնայած մեր՝ այսպես կոչված փորձագետների կիլոմետրանոց դատարկախոսություններին՝ Ադրբեջանի ոչ մի քաղաքական քայլ հաջողության չի հասնում։ Հայաստանը դուրս է պրծնում՝ ինչպես սայթաքուն լորտու։

Բաքվում քիչ չեն քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, ովքեր մեղադրում են աշխարհում բոլորին, բայց ոչ՝ ադրբեջանցիներին, քանի որ դա հղի է լուրջ անձնական խնդիրներով։ Ասես՝ արտաքին աշխարհն ու ադրբեջանական ներքին քաղաքականությունն իրար հետ կապ չունեցող երկու երևույթներ են։ Մինչդեռ արտաքին աշխարհն անխուսափելիորեն անդրադառնում, արձագանքում է ներադրբեջանական իրադարձություններին՝ ոչ միայն քաղաքական, այլ, ամենակարևորը, անհատական գնահատականների ու համակրանքների ենթագիտակցական մակարդակի վրա։

Եվրոպայում, որտեղ մեր ղեկավարները երկար նպատակային ջանքերի միջոցով հստակ համոզմունք են ստեղծել Ադրբեջանում տիրող տոտալիտարիզմի, կառումպացած ու ոչ ժողովրդավարական վիճակի մասին, Ղարաբաղի հայերին խղճում են՝ ինչպես փողոցային կատուներին, որոնց ուզում ես ջերմացնել ու կերակրել, որպեսզի դողացող կենդանիներին հանկարծ չուտեն արյունռուշտ հրեշները։

Միջնադարյան եվրոպական կարծրատիպը դժբախտ քրիստոնյա ժողովրդի մասին, որը հայտնվել է ասիացի մահմեդականների շրջափակման մեջ, կենդամի է ու հաջողությամբ պահպանվում է հայերի ու Ադրբեջանի կոռումպացված էլիտայի կողմից։ Իսկ Ղարաբաղում օտարերկրացի հյուրերը լսում են․ «․․․Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար Հանրապետությունը ոչ մի կերպ չի տեղավորվում տոտալիտար-կլանային Ադրբեջանի մեջ»։

Եթե ադրբեջանական էլիտան իսկապես երազում էր մեր հողն ազատել օկուպացիայից, այն պետք է սանձեր իր թալանչի ախորժակն ու իրեն քաղաքավարի, մարդասեր ու քաղաքակիրթ պահեր՝ առաջին հերթին հենց իր ժողովրդի նկատմամբ։ Որպեսզի Բաքվի ավիատոմս ձեռք բերելուց առաջ ինտերնետը փորփրելիս, եվրոպացի քաղաքական գործիչը կամ սովորական բնակիչը չկարդա հաղորդագրություններ ցուցարարներին ծեծելու, լրագրողներին դատելու, գործարարներին թալանելու, բժիշկների ու ուսուցիչների խղճուկ աշխատավարձի մասին, մինչդեռ պարզվում է՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ընդհանուր պետբյուջեն։

Իհարկե, – մտածում է եվրոպացի քրիստոնյան, – Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանված է միջազգային իրավունքով, ու քանի դեռ Բաքուն իր համաձայնությունը չի տվել, Լեռնային Ղարաբաղը անկախություն չի ստանա, անգամ եթե դրա օգտին քվեարկեն Ռուսաստանն ու Վանուատուն։ Բայց չէ՞ որ խեղճ, դժբախտ ղարաբաղցի քրիստոնյաներն ուզում են ազատ ապրել՝ առանց ադրբեջանցի գող-պետերի։ Նրանց պետք է հնարավորինս օգնել․․․- եզրափակում է եվրոպացին ու Երևանից Ղարաբաղ տանող ուղղաթիռ նստում։

Ներկայումս Արևմուտքի վրա ընդհանրապես հույս դնել չի կարելի՝ վերը նշված հանգամանքների ու քրիստոնեական սոլիդարության համատեքստում։ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն դեռ ենթագիտակցորեն սատարում են Ադրբեջանի հայերի անջատողականությունը, ու դրանում Բաքվի էլիտայի մեղքն անվիճելի է։

Ինչպե՞ս կարող է մեր երկիրը գրավիչ լինել մյուսների համար, եթե այն գրավիչ չէ անգամ ադրբեջանցիների համար։

Պետական միջոցների անկառավարելի ծախսման, կառուցվող ճանապարհների, կամուրջների վերաբերյալ բաց ֆինանսական հաշվետվությունների տոտալ բացակայության, կառավարական շենքերի դիմաց կառավարության գործողությունների դեմ ժողովրդական բողոք արտահայտելու անկարողության պայմաններում՝ ինչպե՞ս կարող ենք արժանանալ Ղարաբաղի հայերի համակրանքին, Արևմուտքի հասարակության ու քաղաքական գործիչների հարգանքին։

Ինչպե՞ս բացատրենք, որ բենզինի մի լիտրը Ադրբեջանում ու Հայաստանում նույն գինն ունի։ Հնարավո՞ր է՝ մեր պետբյուջեին չէր հերիքում հենց այն գումարը, որ իր գրպանն է դրել Անար Ալիևը, ու այդ պատճառով որոշեցին թանկացնել բենզինը։ Ու մենք, այս մռայլ իրականության և հուսահատության վիճակում, հույս ունենք, որ Ղարաբաղի հայերն ինքնակամ կհամաձայնեն ցած դնել զենքը։ Վերջիվերջո, առանց Ադրբեջանի քաղաքացի դառնալու նրանց ցանկության ու քանի դեռ մեր երկրում տիրում է տոտալիտար ռեժիմը, ղարաբաղցիներին հնարավոր չի լինի մտցնել մի պետության կազմի մեջ, որի դեմ նրանք պատերազմել են։ Դա ուղղակի անհնար է։ Եթե անգամ գնենք ամբողջ քրիստոնյա աշխարհի սերը․․․

Հեղինակ՝ ադրբեջանցի լրագրող Քյամալ Ալի