Home / Տեսանյութեր / Նոր տեսախցիկ լռելու դիմաց․ ոստիկանները Լալա Ասլիկյանին գործարք են առաջարկել

Նոր տեսախցիկ լռելու դիմաց․ ոստիկանները Լալա Ասլիկյանին գործարք են առաջարկել

Իրավապաշտպան Լալա Ասլիկյանին ոստիկանությունում առաջարկել են գործարքի գնալ՝ խոստանալով, թե նրա նկատմամբ «բարի կամք» կդրսևորեն ու նոր տեսախցիկ կգնեն իրենից խլածի փոխարեն, եթե Ասլիկյանը դադարի բողոքել ու հայտարարի, թե իրեն վերադարձրել են նախկին տեսախցիկը։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Ասլիկյանը։ Վերջինս մերժել է ոստիկանների առաջարկը՝ հայտնելով, թե գործարքների չի գնում։

«Ասում են, թե դրան համարժեք տեսախցիկ կառնեն ու ինձ կտան, մինչդեռ ոստիկանին պատժելու ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում։ Նաև ասացին, որ իմ տեսախցիկը գտնվել է, ուղղակի այն կոտրված է։ Ես խնդրեցի վերադարձնել հիշողության քարտը՝ չիպը և ասացի, որ այն ինձ հարկավոր է նկարահանումներ իրականացնելու համար, սակայն մերժեցին՝ պատճառաբանելով, թե՝ «գործողությունները կավարտվեն, հետո միայն կտան»», – ասել է Ասլիկյանը։

Վերջինիս զայրացրել է այն հանգամանքը, որ ոստիկանները, փոխանակ պատժելու, ծածկում են իրենց գործընկերոջ գործողությունները։

«Սա նշանակում է, որ ցանկացած պահի ոստիկանը կարող է քեզանից խլել քեզ պատկանող գույքը ու դրա համար պատիժ չկրել։ Ինչո՞ւ չեն ուզում ոստիկանին պատասխանատվության ենթարկեն, որ մյուսներին էլ դաս լինի», – ասել է Ասլիկյանը և ավելացրել, թե մոտ օրերս հաղորդում է ներկայացնելու ոստիկանություն։

Հիշեցնենք, որ Ասլիկյանի տեսախցիկը խլել էին դեկտեմբերի 2-ին՝ Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպված երթի ժամանակ։ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում ոստիկանները, բռնություն կիրառելով, երթի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում՝ Ասլիկյանին, մտցրել են ոստիկանության մեքենան, որտեղ իրավապաշտպանը փորձել է նկարահանումներ իրականացնել։ Ոստիկաններից մեկը Ասլիկյանից խլել է տեսախցիկը, ինչից հետո նրան դուրս են բերել մեքենայից։

Ասլիկյանը պահանջել է վերադարձնել տեսախցիկը՝ պնդելով, որ այնտեղ կարևոր նյութեր կան, սակայն ոստիկանները կոպիտ ձևով հեռացրել են տարածքից։

Հետագայում՝ ոստիկանության բաժնում, իրավապաշտպանը պատմել է, թե ինչպես են իր տեսախցիկը վերցրել՝ տեղեկացնելով, որ միջադեպը ֆիքսել են մի քանի ԶԼՄ-ների տեսախցիկներ:

Տեսանյութում՝ Ասլիկյանին հեռացնելու պահը