Home / Հայաստան / Զինվորի մահվան գործով 2 մարդ է կալանավորվել

Զինվորի մահվան գործով 2 մարդ է կալանավորվել

Դեկտեմբերի 10-ին ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավելի վաղ ձերբակալված երկու զինծառայողներ են կալանավորել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Ըստ քննության վարկածի՝ զինծառայողին ինքնասպանության են հասցրել։

«19-ամյա Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջդրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) և 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով, իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Երկու զինծառայողների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը», – նշել է Սարգսյանը։