Home / Տեսանյութեր / Քիմիկոսները պնդում են՝ ցուցմունքը կորզել են խոշտանգելով․ դատարանի որոշումը՝ վաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիմիկոսները պնդում են՝ ցուցմունքը կորզել են խոշտանգելով․ դատարանի որոշումը՝ վաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

9 քիմիկոսներ այսօր դատարանում շարունակել են պնդել, որ իրենցից ցուցմունքները խոշտանգումների միջոցով են կորզել, իսկ դատավորը շարունակաբար մերժել է պաշտպան կողմից միջնորդությունները։

Այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ շարունակվել է «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտի» 9 աշխատակիցների դեմ թմրանյութերի պատրաստման և իրացման գործով վերաքննիչ բողոքի քննությունը, որն ընթանում է վճռաբեկության կարգով:

Հիշեցնենք, որ առաջին ատյանը «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար Սիրաժ Ղամբարյանին, Արմեն Բաղդասարյանին, Սամվել Մկրտումյանին, Հակոբ Համբարձումյանին, Արա Ռոստոմյանին, Աղվան Վարդանյանին, Աշոտ Առաքելյանին, Արմեն Լեպեջյանին, Սամվել Խաչատրյանին դատապարտել է 7-ից 10 տարի ազատազրկման։ Նրանցից չորսն ավելի քան երեք տարի է՝ գտնվում են կանալքի տակ: Ընդ որում՝ ամբաստանյալները պնդում են, որ իրենցից մի քանիսի համար դա ցմահ մահապատիժ է, քանի որ նրանց տարիքը 70-ն անց է: Ողջ դատավարության ընթացքում քիմիկոսները պնդել են, որ գործը շինծու է, իրենք թմրանյութ չեն պատրաստել, իսկ նախաքննության ընթացքում իրենց խոշտանգել են։

Այսօրվա նիստում դատարանը մերժել է պաշտպան կողմի բերած բազում միջնորդությունները, ինչից հետո գլխավոր մեղադրյալ, ինստիտուտի տնօրեն Սամվել Խաչատրյանը դատական կազմին բացարկ է հայտնել։ Դատավորները, սակայն, արհամարհել են բացարկը և հեռացել խորհրդակցական սենյակ:

Պաշտպանները միջնորդում էին լաբորատորիայից առգրավված քիմիական նյութերի կրկնակի փորձաքննություն անցկացնել, քանի որ նախաքննական մարմնի կողմից տրված եզրակացությունը կասկածներ է հարուցում։ Նրանք հիշեցրել են, որ առաջին ստուգման ժամանակ քիմիկոսների աշխատանքային վայրում արգելված նյութեր չեն գտել, և «ամֆետամին» «հայտնաբերել են» երկրորդ անգամ՝ 15 հաբ քանակությամբ։

Փաստաբանները նաև պահանջել են փորձարարություն իրականացնել՝ պարզելու համար արդյոք ինստիտուտի սարքավորումներով հնարավոր է ստանալ թմրանյութ։ Դատարանը, սակայն, անգամ չի ցանկացել անդրադառնալ վերոնշյալ միջնորդությանը։

Դատավոր Աղրամյանյանը մերժել է նաև ամբաստանյալ Աշոտ Առաքելյանի և քննիչի միջև կայացած հեռախոսազրույցը գործին կցելու մասին միջնորդությունը: Ըստ Առաքելյանի՝ քննիչը այդ զրույցում իրեն ասել է, որ հայտնաբերվածը թմրանյութ չէր:

Այսօրվա նիստին նախագահող Մհեր Արղամանյանը, անդրադառնալով ամբաստանյալների՝ իրենց խոշտանգելու մասին հայտարարություններին, հարցրել է՝ ինչու էին նրանք լռում, ինչու որևէ իրավապահ մարմնի չեն դիմել և ինչու են գրել, թե հրաժարվում են փաստաբանից:

Ամբաստանյալներն ասել են, որ իրենց խոշտանգել են, սպառնացել են, ծեծել են և էլեկտրաշոկ են կիրառել, ուստի իրենք ստիպված էին ենթարկվել և գրել այն, ինչ պահանջում էին քննիչները:

Ամբաստանյալ Աղվան Վարդանյանն ասել է, որ իր նկատմամբ ճնշումները դեռ շարունակվում են:

«Իմ թոռը մի շաբաթ է դասի չի գնում: Իմ տուն զանգում են, պահանջում են, որ լռեմ: Ի՞նչ իմանաս՝ մի օր էլ որդուս գրպանից թմրանյութ կգտնեն: Ամեն ինչ սպասելի է: Ես, պարոն դատավոր, միջնորդում եմ, որ դուք իմ ընտանիքի ապահովությունը երաշխավորեք, որպեսզի ես կարողանամ խոսել՝ առանց վախենալու»,- ասել է ամբաստանյալը:

Դատավորը գործով որոշումը հրապարակելու է վաղը՝ 12.00-ին: 

Լուսանկարում՝ մեղադրյալ Աղվան Վարդանյանը