Home / Հայաստան / Երևանի գլխավոր ճարտարապետը հրաժարվում է նախագիծ տրամադրել Կոմիտասի պողոտայի բնակիչներին

Երևանի գլխավոր ճարտարապետը հրաժարվում է նախագիծ տրամադրել Կոմիտասի պողոտայի բնակիչներին

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը Կոմիտասի 5ա շենքի բնակիչների հետ խոսելիք չունի․ նա պնդում է, որ Կոմիտասի 5 հասցեում շենքը կառուցվելու է։ Գլխավոր ճարտարապետին հանդիպելու խնդրանքով երկու օր առաջ քաղաքապետարան դիմած բնակիչներին այսօր փոխանցել են, որ Բարսեղյանը իրենց հետ հանդիպել չի պատրաստվում։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է բնակիչներից Նելլի Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ նշված հասցեում կառուցվող շինության հարակից շենքերի բնակիչներն արդեն մի քանի ամիս է՝ պայքարում են շինարարության դեմ՝ բողոքելով դատարաններում և ակցիաներ անցկացնելով։

«Բնակիչներով փորձեցինք հանդիպել ճարտարապետին, սակայն ինքը ոչ միայն խուսափում է հանդիպումից, այլև հրաժարվում է տրամադրել շենքի նախագիծը, որպեսզի հասկանանք՝ ինչ ճշգրտությամբ են իրականացնում շինարարությունը և արդյո՞ք այն օրինական է։ Քաղաքապետարանի աշխատակցուհին ասաց, որ բառացի փոխանցում է ճարտարապետի խոսքերը։ Ինձ թվում է՝ բոլորին էլ պարզ է, որ նախագծում ոչ մի օրինական կետ չկա, այդ իսկ պատճառով փաստաթուղթը չեն տալիս, ու մենք հայտնվել ենք փակուղում», – ասել է Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ բնակիչները մտավախություն ունեն, որ, նախկին ծրագրի համաձայն, տարածքում 14 հարկանի շենք է կառուցվելու, մինչդեռ ամռանն անցկացված բողոքի ակցիաների ժամանակ շենքի կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչները խոստանում էին, որ շենքը 5 հարկից ավելի չի լինի։

«Մենք առաջ մտածում էինք, որ կկառուցեն շենքի միայն նկուղային հարկը ու դադար կտան, սակայն հենասյուները մոտ 2 հարկի բարձրության են հասցրել։ Ամենասարսափելին այն է, որ շենքը կառուցվում է կից ենթակայանին, այսինքն՝ միայն սա արդեն օրենքի ճչացող խախտում է, մինչդեռ պետք է շենքի ու ենթակայանի արանքում պահվեր 10 մետր հեռավորությունը։ Այս ու նման մի շարք խախտումները իմանալով՝ Բարսեղյանը նախագիծ տալ չի պատրաստվում՝ գիտակցելով, որ նորից դատարան կդիմենք։ Միակ հույսը փաստաբանն է, ով իրավունք ունի պահանջել նախագիծը, իսկ ճարտարապետը իրավունք չունի մերժել։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ոչ թե պետությունն է ստիպում մարդկանց գործել օրենքի սահմաններում, այլ մարդիկ են ստիպում պետությանը հետևել օրենքին, ինչն էլ բացահայտ կերպով չի արվում», – եզրափակել է մեր զրուցակիցը։