Home / Տեսանյութեր / Դուրս լինել ատելության քարոզից․ Լևոն Ջավախյանը հանրությանը ներկայացրեց իր «Վերնիսաժը»

Դուրս լինել ատելության քարոզից․ Լևոն Ջավախյանը հանրությանը ներկայացրեց իր «Վերնիսաժը»

Գրող Լևոն Ջավախյանի նոր գիրքը՝ «Վերնիսաժը», որը նա այսօր ներկայացրել է հանրությանը, հնարավոր է եղել հրատարակել մի բարձր պաշտոնյայի հովանավորությամբ, սակայն բարերարը չի ցանկանել հրապարակել իր անունը:

«Ոչ թե վախենում է, որ իմ գիրքն է հովանավորել, այլ ուղղակի համեստ մարդ է»,- բացատրել է Ջավախյանը:

«Վերնիսաժ»-ում ընդգրկված են 25 պատմվածքներ և նույնքան հոդվածներ։

Գիրքը սկսվում է Ջավախյանի հայտնի «Քիրվա» պատմվածքով, որը պատմում է հայ և ադրբեջանցի ընկերների մասին, որոնց կյանքը փոխվել էր 1988-ի շարժումից հետո: Լրագրողներից մեկին հետաքրքրում էր՝ ինչու է գիրքը սկսվում այդ պատմվածքով և ավարտվում «Գրչեղբորս՝ Էքրեմ Էյլիսլիին» և «Խաղաղություն առանց խաղաղության» հոդվածներով: Գրողը պատասխանել է, որ «Քիրվա»-ն նորից է հրապարակվում, քանի որ ընթերցողների կողմից սիրված է, իսկ պատմվածքների հերթականությունը պատահական է:

Լևոն Ջավախյանը բացատրել է՝ ինչու է խաղաղության մասին գրել. «Առողջ վտառները հոսանքին հակառակ են լողում: Մենք մի սահմանի վրա չենք կարող այդպես երկար շարունակել: Դեռ ադրբեջանցիների նացիոնալիզմը ես հասկանում եմ, նրանք պարտված են: Մենք հաղթել ենք ու չենք ցանկանում հաշտվել»:

Ջավախյանը վստահ է, որ գրողները և, առհասարակ, մտավորականները պետք է դուրս լինեն ատելության քարոզից․ ժողովրդական բանահյուսությունն է, որ հասարակութունների մեջ կապը պետք է վերականգնի: Գրողի խոսքով՝ գրականությունը ճիշտ խոսելը չէ, հակառակը՝ իրական գրականությունը հորինված է, սակայն իր գրածը ինքնակենսագրական արձակ է, և ինքը գրում է միայն ճիշտը:

«Պարտադիր չէ, որ գրողը հրապարակում միտինգ անի: Նա քաղաքացիական դիրքորոշում պետք է ունենա և անկեղծ լինի: Ես գրում եմ ճիշտը, զարմանալիորեն, երբեմն քննադատություններս դուր են գալիս մարդկանց, ում ուղղված են: Հենց գիտեն իրենց մասին չէ (ծիծաղում է): Այո, աշխարհը չես փոխում, փոխարենը՝ դու ես փոխվում, երբ գրում ես»,- ասել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են նաև՝ արդյոք Լևոն Ջավախյանը նամակագրական կապ ունի ադրբեջանցի գրողների հետ, մասնավորապես, «Քարե երազների» հեղինակ Էքրեմ Էյլիսլիի հետ: Ջավախյանը պատմել է, որ իր «Քիրվա» պատմվածքից հետո իրեն գրել է մի ադրբեջանցի և ներողություն խնդրել՝ մի հայի սպանությանը ականատես լինելու համար: Ջավախյանի խոսքով՝ որոշ ադրբեջանցի գրողներ էլ հիշել են «Քիրվան», երբ գրվել և աղմուկ է բարձրացրել «Քարե երազներ» գիրքը:

«Ասում էին՝ մինչ սա, մեկ այլ «երազներ» գրվել է արդեն Հայաստանում՝ «Քիրվան»,- ասել է Ջավախյանը: