Home / Հայաստան / Հայաստանում կանայք պետք է այլընտրանքային պատիժ կրեն․ քննարկում

Հայաստանում կանայք պետք է այլընտրանքային պատիժ կրեն․ քննարկում

Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը: Այս մասին այսօր ասվել է «Մեդիա կենտրոնում» «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան ՀԿ-ի անցկացրած քննարկման ժամանակ։

ՀԿ-ի անդամները համոզված են՝ քանի որ կանայք ունեն առանձնահատկություններ, նրանց նկատմամբ պատիժն էլ պետք է այլ ձևով կիրառվի:

«Կանանց նկատմամբ այլընտրանքային պատիժ կիրառելու պրակտիկան պիտի նաև ՀՀ-ում խթանվի»,- ասել է ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը։

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը վստահ է՝ ինչպես որ պատժի կրման սահմանափակումներ են սահմանված օրինախախտ անչափահասների դեպքում, այնպես էլ պետք է սահմանվեն կանանց համար: Ներկայում բացառություն են կազմում միայն հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք:

«Այժմ Հայաստանում կանայք համահավասար վերաբերմունքի են արժանանում,- ասել է Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ կանանց համար գոնե պատժի առավելագույն շեմը չպետք է լինի նույնը, ինչ տղամարդկանց համար:

2010թ. ՄԱԿ-ի 65/229 բանաձևին համապատասխան մշակվել են Միջազգային բանտային ռեֆորմի կանոններ, որոնցով նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել կանանց և տղամարդկանց ազատազրկման իրավունքների և պայմանների տարբերակման վերաբերյալ:

Տիգրան Սաֆարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կանանց համար որևէ առանձնահատուկ պայմաններ նախատեսված չեն նաև շրջանների ՁՊՎ-ներում: Հիմնական աշխատակազմն էլ արական սեռի ներկայացուցիչներ են:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի անդամները 2014թ. հունվարից այցելելու են «Աբովյան» ՔԿՀ՝ տեղում ուսումնասիրելու և գնահատելու, թե որքանով է ՔԿՀ-ներում պաշտպանված կանանց իրավունքները: Նաև մոնիտորինգի են ենթարկվելու այն դատական գործերը, որոնցում կին ամբաստանյալ է ներգրավված:

Քննարկման ընթացքում ՀԿ Մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ավետիք Մեջլումյանը կոչ է արել բոլորին իրենց տեղեկացնել այն գործերի մասին, որոնցում որպես ամբաստանյալ ներգրավված են կանայք, քանի որ դատական տեղեկատվության «Դատալեքս» համակարգը թույլ չի տալիս տարբերակված որոնումներ կատարել:

ՔԿՀ-ներում և դատական գործերի ընթացքում մոնիտորինգի արդյունքում ՀԿ-ն կընդհանրացնի ոլորտում իրավիճակի պատկերը և կմշակի օրենսդրական փոփոխությունների առաջարկներ՝ ազատազրկված կանանց պահման պայմանները բարելավելու և կանանց նկատմամբ այլընտրանքային պատժի կիրառումը խթանելու համար: