Home / Հայաստան / Շանթ Հարությունյանի դիմումը մերժվել է

Շանթ Հարությունյանի դիմումը մերժվել է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը մերժել է նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի դիմումը՝ հարազատների կողմից իրեն տեսակցելու արգելանքի վերացման վերաբերյալ: Այս մասին «ՍիվիլՆեթին» տեղեկացրել է Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Վարույթ իրականացնող մարմինը այս ընթացքում Շանթի հետ կապված որևէ քննչական գործողություն չի իրականացնել, բացի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելուց, այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ, ըստ էության, Շանթին ոչինչ էլ չկա պահելու, բայց, այնուամենայնիվ, հստակ չեմ կարող ասել»,- ասել է փաստաբանը՝ ի պատասխան հարցին, հնարավոր է արդյոք երկարաձգվի Հարությունյանի կալանքը:

Հարությունյանը դիմումում նշել է, որ հարազատների հետ տեսակցությունն արգելելու քննչական մարմնի որոշումը հակահումանիստական է, և եթե այն չվերացվի, ապա ինքը պատրաստ է ծայրահեղ քայլերի դիմել: Այժմ Հարությունյանին տեսակցելու իրավունքից օգտվում է միայն նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: