Home / Հայաստան / Մոսկվայում հաստատեցին Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը»

Մոսկվայում հաստատեցին Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը»

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ:

Այսօր Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահները և Ուկրաինայի վարչապետը:

«Որոշմամբ խորհրդի անդամները հաստատել են միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»): Հանձնարարվել է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է նաև վարել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մոնիթորինգ և Բելառուսին, Ղազախստանին ու Ռուսաստանին տեղեկացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:

Հիշյալ որոշման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքի ընթացքի մասին պետք է զեկուցի պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: