Home / Հայաստան / «Սպասում էի այս օրվան, բայց ձգձգվեց»․ Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվողին ազատեցին

«Սպասում էի այս օրվան, բայց ձգձգվեց»․ Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվողին ազատեցին

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Նախաքննական մարմինը նրա մասնակցությունը հանցագործության կատարման գործում չի հաստատել:

«Առաջին օրվանից էլ սպասում էի այս պահին, ուղղակի սա շուտ պետք է լիներ, որովհետև ես անմեղ եմ։ Ամենաահավորն այն ա, որ մարդը անմեղ ա, նստած ա ու չգիտի, թե ինչի համար ա նստած, ամենաբարդ բանն է դա, ես սպասում էի այս օրվան, բայց չգիտեմ ինչու՝ այսպես ձգձգվեց»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արայիկ Պետրոսյանը։  

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը սպանվել է Պռոշյանի գյուղապետարանի շենքի մոտ 2013 թվականի ապրիլի 2-ին։ Պռոշյան համայնքի տասնյակ ներկայացուցիչներ մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի և նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով բացահայտել սպանության իրական պատվիրատուներին։

Մուրադյանի գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հարազատները նույնպես մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել Երևանում։ Դեկտեմբերի 5-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանն ասել է լրագրողներին, որ 9 ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված իր պաշտպանյալն անմեղ է և որևէ կապ չունի տվյալ սպանության հետ, ու տարակուսելի է, թե ինչպես է նախաքննություն իրականացնող մարմինը վարում գործը։