Home / Հայաստան / Լրագրողներին հայհոյելով թույլ չեն տալիս հետևել Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը

Լրագրողներին հայհոյելով թույլ չեն տալիս հետևել Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը

Ժամը 13։30-ից սկսած Երևանի կենտրոնում՝ Տնտեսագիտական համալսարանի մուտքի մոտ, մի խումբ երիտասարդներ թույլ չեն տալիս լրագրողներին ներս մտնել շենք։ Լրագրողները ցանկանում են հետևել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը, որը մեկնարկելու է ժամը 14։00-ին։

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, մուտքը արգելափակած հիմնականում սև հագուստներ կրող երիտասարդները պնդում են, որ իրենք ուսանողներ են, բայց չեն բացատրում թույլ չտալու պատճառները։ Նրանք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում լրագրողների հասցեին։ Ռեկտորատից լրագրողներին հայտնել են, որ որոշում է կայացվել պաշտպանությունը դռնփակ անցկացնել, սակայն, ըստ օրենքի, յուրաքանչյուր թեկնածուական թեզի պաշտպանություն պարտադիր պետք է հրապարակային լինի։ Նիստը փակ լինելու մասին բարձրաձայնել է նաև տարածքում գտնվող ոստիկանը։

Նշենք, որ Մարգարյանի թեկնածուական ատենախոսությունը կոչվում է «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»։