Home / Հայաստան / «Նախախորհրդարանը» հրավիրում է կառավարման այլընտրաքային մարմին ստեղծելու

«Նախախորհրդարանը» հրավիրում է կառավարման այլընտրաքային մարմին ստեղծելու

«Նախախորհրդարանը» քաղաքական-քաղաքացիական առողջ ուժերին հրավիրում է գործող կառավարման համակարգից դուրս համատեղ ջանքերով ձևավորելու այլընտրանքային ներկայացուցչական մարմին՝ Հայաստանի Հիմնադիր խորհրդարան, որը առաջիկայում կստեղծի Անցումային կառավարություն, ժողովրդի լիազորությամբ կհեռացնի հանցավոր վարչախմբին և ներդրվելով գործող համակարգի մեջ՝ կապահովի ազգի քաղաքական կամքի ներկայացումն ու գործադրումը: Այս մասին ասված է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ։

«Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման: Դրա մասին է վկայում իրավասուբյեկտության չորս հիմնական հատկանիշների՝ մշտական բնակչության, որոշակի տարածքի, յուրային կառավարության և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողության առումներով նրա ներկայիս վիճակը:

Ապացուցման կարիք այլևս չունի այն հանգամանքը, որ Հայաստանի պարագայում մշտական բնակչությունն աղետալի արտագաղթի հետևանքով սպառվում է, տարածքը՝ Արցախի մասով, կարող է կորսվել, յուրային կառավարության փոխարեն առկա է իր ժողովրդի շահերը դավաճանող ու օտար ուժերին ծառայող վարչախումբ, իսկ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը ըստ էության բացակայում է, քանի որ Հայաստանը արտաքին քաղաքականության բոլոր ռազմավարական հարցերում ենթակա է արտաքին թելադրանքի», – ասված է հայտարարության մեջ։

«Նախախորհրանը» նշում է, որ պետության իրավասուբյեկտության այս հատկանիշների շարքում մնացածի պահպանման երաշխավորի դերը կատարում է «յուրային կառավարությունը»․ «Մինչդեռ հայաստանյան կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է, որն ամբողջովին յուրացրել է ժողովրդի իշխանությունը՝ պետական կառավարման մարմինների համակարգը վերածելով իր օտար տերերի և իր կլանային ու անձնական շահերի սպասարկման գործիքի՝ բացառելով դրա միջոցով ու դրա ներսում ազգի քաղաքական կամքը որևէ կերպ, այդ թվում՝ ընտրությունների մեխանիզմով, ներկայացնելու ու գործադրելու հնարավորությունը: Ասվածի վերջին և, ամենակնառու, վկայությունը պետության ինքնիշխանությունը ոտնահարող հայ-ռուսական գազային խայտառակ համաձայնագրերի վավերացումն էր ազգի քաղաքական կամքը ներկայացնելուն կոչված խորհրդարանում: Ուստի հայոց պետականության ու Հայրենիքի կորստի գործընթացը կասեցնելու և Հայաստանի իրավասուբյեկտությունը վերականգնելու առաջնային պայմանը «յուրային կառավարության»՝ պետական կառավարման յուրային համակարգի վերստեղծումն է»։