Home / Տեսանյութեր / Լրագրողներին հայհոյած ՀՀԿ-ականները ուսանողներին միտինգի են տանում ու բացակա չեն ստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լրագրողներին հայհոյած ՀՀԿ-ականները ուսանողներին միտինգի են տանում ու բացակա չեն ստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանության ժամանակ լրագրողների աշխանանքը խոչընդոտող, նրանց հայհոյող երիտասարդները, մասնավորապես, Գրիշ Ամիրխանյանը, Սևակ Խաչատրյանը, Սերգո Խառատյանը, Սարգիս Մուրադյանը, առաջին անգամ չէ, որ հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում:

2013 թվականի փետրվարի նախագահական ընտրություններից հետո տարբեր բուհերի ուսանողներ դասադուլ էին հայտարարել և ակցիաներ էին անցկացնում պետական համալսարաններում՝ հորդորելով միանալ ընտրակեղծիքների դեմ անցկացվող դասադուլին։ Օրեր շարունակ, երբ բողոքի ակցիա անցկացնողները մոտենում էին Տնտեսագիտական համալսարանին, նույն երիտասարդները իրենց ընկերների հետ փակում էին համալսարանի մուտքը՝ թույլ չտալով, որ ներսում գտնվող ուսանողները միանան դասադուլավորներին, ինչպես նաև արգելելով որևէ մեկի մուտքը բուհ։ Դասադուլին միանալու կոչերին ի պատասխան՝ նրանք պնդում են, որ «ուզում են դասի նստել»։

Տեսանյութը նկարահանվել է 2013- թվականի փետրվարի 26-ին

ՀՊՏՀ-ի մեր աղբյուրները պատմել են, որ վերոնշյալ երիտասարդները, որոնք հիմնականում ուսխորհրդի անդամներ են, մշտապես բացակայում են դասերից և, չնայած դրան, նրանք մշտապես առավելագույն՝ 100 բալ են ստանում ստուգարքներին ու քննություններին։

Այսպես՝ համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը և ուսխորհրդի անդամ Սերգո Խառատյանը շարունակում են անվճար սովորել նույնիսկ կրեդիտային համակարգի պայմաններում, որի ժամանակ գնահատականը նվազում է բացակայությունների պատճառով։ Նշենք, որ վատ առաջադիմության և բացակայությունների դեպքում անվճար հիմունքներով սովորող ուսանողը իր տեղը պետք է զիջի ավելի բարձր առաջադիմություն ունեցողներին։

Epress.am-ի զրուցակիցը նաև պատմել է, որ լրագրողներին հայհոյած երիտասարդները ՀՀԿ-ի միջոցառումների և հանրահավաքների ժամանակ հանձնարարական ունեն ապահովել այլ ուսանողների ներկայությունը։

«Նրանց համար ոչ մի դասախոսի մոտ «չէ» բառը չկա: Եթե ՀՀԿ-ի միտինգ պետք է լինի, ողջ կուրսը կտանեն և դասախոսները բացակա չեն դնի: Սակայն եթե մեկը դասի չգնալով՝ խուսափեր միտինգի գնալուց, բացակա ստանում էր», – ասել է մեր զրուցակիցը:

Նշենք, որ երեկ Տնտեսագիտական համալսարանում Epress.am-ի լրագրողները լսել են, թե ինչպես է երիտասարդներից մեկը մոտենում բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին, երբ վերջինս պետք է զրուցեր լրագրողների հետ։

«Կասեք՝ տենց որոշում կա (նկատի ունի Տարոն Մարգարյանի հրապարակային պաշտպանությանը թույլ չտալը-խմբ․)», – երիտասարդի հորդորը ռեկտորին լսել է Epress.am-ի թղթակիցը։