Home / Հայաստան / Լրագրողները պահանջում են պատժել իրենց կապիկ անվանած ՀՀԿ-ականին

Լրագրողները պահանջում են պատժել իրենց կապիկ անվանած ՀՀԿ-ականին

Դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստերի դահլիճում բողոքի ակցիա իրականացրած չորս լրագրողները` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը, այսօր դիմել են ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով` պահանջելով իրենց դիմումի հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս), այն է` պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի ԱԺ նիստերի դահլիճում և լրագրողական օթյակում բողոքի ակցիա իրականացնող լրագրողներից:

Ակցիայի ընթացքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր` «էս կապիկներին էլ հանեք ստից»: Նույն պատգամավորը նաև սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել լրագրողների հասցեին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, որի ընթացքում քվեարկության էր դրվել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնին վերաբերող պայմանագիրը և «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ՌԴ-ին հանձնելու համաձայնագիրը, մի քանի լրագրողներ ակցիա են անցկացրել։ Նրանք «Որոշողը մենք ենք», «Մի վաճառեք», «Խելքի եկեք, արա» գրառումներով պաստառներով կանգնել են ԱԺ նիստերի դահլիճում՝ ՀՀԿ-ի խմբակցության նստատեղերի դիմաց: