Home / Տեսանյութեր / Նկատողություն ոստիկաններին․ լրագրողներին խանգարողներն ու հայհոյողները չեն պատժվել

Նկատողություն ոստիկաններին․ լրագրողներին խանգարողներն ու հայհոյողները չեն պատժվել

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն է արել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության օրը ծառայություն իրականացնող ոստիկան Ս.Բաղդասարյանին և նկատողություն`ոստիկան Գ. Ղասաբողլյանին՝ միջադեպը թույլ տալու համար: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակության բաժնից Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, որ այդ օրը մի խումբ երիտասարդներ՝ հիմնականում՝ ՀՀԿ-ական ուսխորհրդի անդամներ, խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։

Մալխասյանի խոսքով՝ անցկացվել է ծառայողական քննություն, որի ընթացքում ուսումնասիրվել են դեպքի տեսանյութերը, և քննության արդյուքնում որոշվել է նկատողություն անել ներկա ոստիկաններին: Epress.am-ի այն հարցին, թե քրեական հետապնդում չի՞ սկսվելու լրագրողների աշխատանքը խոչընտոդած անձանց հանդեպ, Մալխասյանը պատասխանել է, որ քննությունն ավարտվել է, նկատողությունները՝ արվել:

Նշենք, որ համաձայն քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի՝ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Լրագրողների աշխատանքը խոչընդոտող երիտասարդների մասին գրվել էր մամուլում միջադեպից անմիջապես հետո։ Դրանց թվում են Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ուսխորհրդի անդամներ Գրիշա Ամիրխանյանը, Սերգո Խառատյանը, ինչպես նաև Սարգիս Մուրադյանը։

Երիտասարդների սոցցանցերի էջերում լուսանկարներ են տեղադրված ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։