Home / Հայաստան / Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Գերմանիայի հետ

Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Գերմանիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2014 թվականի հունիսի 6-ին ընկերական-բարեգործական խաղում կմրցի Գերմանիայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Խաղը կկայանա գերմանական Մայնցում։

Սա հավաքականների մակարդակով միջազգային առաջին հանդիպումը կլինի այդ քաղաքում։ Հանդիպման կազմակերպիչը գերմանական DFB Egidius Braun հիմնադրամն է: Խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Լիգայի ասոցիացիայի տարբեր հիմնադրամներին:

Այս հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի Աշխարհի գավաթից առաջ, որը մեկնարկում է հունիսի 12-ին: Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Գերմանիան 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկն այս կապակցությամբ ասել է. «Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ավարտել Աշխարհի առաջնության հետ կապված նախապատրաստական ծրագրերը: Լեհաստանի և Կամերունի հետ հանդիպումներից հետո մենք կմրցենք նաև Հայաստանի հավաքականի հետ: Հանդիպումը կարևոր է ոչ միայն մարզական տեսանկյունից:

Խաղից ստացված հասույթը ևս մեկ անգամ կապացուցի այն, որ հիմնադրամներն ի վիճակի են շարունակել իրենց գերազանց աշխատանքը և տարբեր ծրագրերը նաև ապագայում»:

Մինչ օրս Հայաստանն ու Գերմանիան ազգային հավաքականների մակարդակով հանդիպել են 2 անգամ։ 1998թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի շրջանակներում կայացած խաղերում Գերմանիայի հավաքականը հաղթել է 5:1 և 4:0 հաշիվներով: