Home / Հայաստան / Արդյո՞ք Եվրոպային պետք է հայկական կոնյակ Կրասնոդարից․ հարցազրույց Լեհաստանի դեսպանի հետ

Արդյո՞ք Եվրոպային պետք է հայկական կոնյակ Կրասնոդարից․ հարցազրույց Լեհաստանի դեսպանի հետ

Այն գաղափարը, որ Երևանը չի կարող մասնակցել եվրոպական նախագծին, քանի որ կարող է կորցնել Ռուսաստանի անվտանգության երաշխիքները, չի համապատասխանում իրականությանը, քանի որ լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ Հայաստանն արդեն գտնվում է Ռուսաստանի անվտանգության համակարգում։ Ռուսաստանյան Regnum գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։ Նրա խոսքով՝ Երևանի հետ Ասոցացման համաձայնագրի ուղին ընտրելիս՝ Եվրոպան արդեն հաշվի առել էր Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա խորը երկկողմանի հարաբերությունները։

«Այստեղ ոչինչ չէր փոխվի։ Ռուսաստանը պետք է հաշվի առներ, որ Երևանը մնում է Մոսկվայի դաշնակիցը, բայց ներսից փոխվում է դեպի եվրոպական չափանիշների կողմը։ Մոսկվան, սակայն, այլ կերպ վարվեց ու հասկացնել տվեց, որ չի պատրաստվում գործ ունենալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքողների հետ։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակ՞իցն է, թե ոչ։ Եթե այո, ապա չի կարող նրան դժվար կացության մեջ դնել»,- նշել է դեսպանը։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Արևելյան գործընկերություն» նախագիծը Ռուսաստանին չի մտահոգում, ու երկիրը չի խոչընդոտում դրա իրականացումը։

Regnum-ի լրագրողը հարցրել է նաև Մաքսային միությանը միանալուց հետո GSP+ արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորության մասին, որը Հայաստանին այսօր թույլ է տալիս ԵՄ-ի շուկաներ արտահանել ավելի քան 1000 ապրանքանիշ՝ զրոյական մաքսային սակագնով։

Ռաչինսկին, մասնավորապես, նշել է․ «Իմ տվյալներով, նախապատվությունների գլխավոր համակարգը ընդմիշտ չի գործում։ Այն մշտապես թարմացվում է։ Դա նորմալ է, քանի որ խոսքը առևտրի մասին է։ Հավանաբար, նոր իրականությունը՝ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը, հաշվի կառնվի։ Ռուսաստանը վերջերս հայտարարեց, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու դեպքում, Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի Ուկրաինայից ռուսական շուկաներ ապրանքի մեծ հոսքը կանխելու համար, ընդ որում, Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գործում է ազատ առևտրի ռեժիմ։ Այս պարագայում կարելի է պատկերացնել իրավիճակ, որ հայկական կոնյակի անվան տակ եվրոպական շուկայում կարող է հայտնվել կոնյակ Կրասնոդարից։ Այս ամենը պետք է հաշվի առնել։ Ինձ թվում է՝ նոր իրականության հետ կապված, համակարգը նոր իմաստավորման ու թարմացման կարիք կունենա»։

Ըստ լեհ դիվանագետի՝ եվրոպական ուղին չի ենթադրում առաջընթաց միայն տնտեսությունում, կամ դրա մի քանի հատվածներում։

«Հարցը, ընդհանուր առմամբ, հասարակության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման մասին է։ Ես չեմ կարող խոսել այլ պետությունների փոխարեն, բայց կարող եմ խոսել իմ երկրի անունից։ Լեհաստանի տնտեսությունում գյուղատնտեսության ոլորտը միշտ զգալի տեղ է զբաղեցրել։ Մինչ ԵՄ-ին միանալը, մեր երկրում շատ թերահավատներ կային, որոնք պնդում էին՝ այս ամենը շատ վատ է ավարտվելու։ Ասվում էր, որ Արևմտյան Եվրոպայի էժանագին ապրանքները կլցնեն մեր շուկաները, գյուղացիները կսկսեն մուրացկանությամբ զբաղվել, ու ամեն ինչ կփլուզվեր։ ԵՄ մեծ շուկայի բացումը որոշակի պետության տնտեսության արդյունավետության համար յուրօրինակ փորձություն է։ Դա փորձություն է երկրի, դրա ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության համար։ Ներկայումս Լեհաստանի արտահանած ապրանքների ¾ -ը գնում է եվրոպական շուկա։ Անգամ Մաքսային միության երկրներից են գալիս Լեհաստան՝ գնումներ կատարելու։ Իսկ եթե որոշ երկրներ կարծում էին, որ ԵՄ-ին միանալը երկնային մանանա է, դա սխալ պատկերացում է։ Օրինակ, իմ երկիրը չի հավակնում ունենալ ԵՄ-ի երկրորդ կամ երրորդ ամենազարգացած տնտեսությունը, բայց մենք արդեն վեցերորդն ենք»,- հայտարարել է Զդիսլավ Ռաչինսկին։