Home / Հայաստան / Ծեծված զինվորի դեպքի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Ծեծված զինվորի դեպքի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Այսօր վաղ առավոտյան՝ 02:30-ի սահմաններում, ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված ԼՂՀ Չոփռլուի զորամասի զինծառայող Մհեր Խլղաթյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)  և 358.1 հոդվածի 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:  Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Վերջինիս խոսքով՝ Խլղաթյանին հոսպիտալ են ընդունել երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով:

Պաշտոնական աղբյուրները ձերբակալվածների մասին առայժմ չեն հայտնում:

Ավելի վաղ shamshyan.com կայքի հետ զրույցում հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերների խոսքով՝ զինվորը զորամասում դաժան ծեծի է ենթարկվել։

«Մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան: Զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան», – պատմել են տղայի հարազատները։