Home / Հայաստան / Մեղադրողը ժամանակ է խնդրել «բանդայի գործ»-ի քննության վերաբերյալ որոշում կայացնելու համար

Մեղադրողը ժամանակ է խնդրել «բանդայի գործ»-ի քննության վերաբերյալ որոշում կայացնելու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Բանդայի գործով» դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Նիստի մեկնարկին դատավորը հարցել է կողմերի կարծիքը՝ քրեական գործի քննությունը վերսկսելու կամ այն շարունակելու մասին: Հարցի քննարկումը Մակյանը պայմանավորել է նրանով, որ նոր է ընդունել գործը, իսկ մինչ այդ դրանով զբաղվում էր Մխիթար Պապոյանը։

Epress.am-ի հետ զրույցում Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ասել է, որ ինքը կողմ է եղել տվյալ իրավիճակում օրենքի թելադրանքով շարժվելուն, այսինքն՝ քննությունը նորից սկսելուն։ Այնուամենայնիվ, Արսենյանը նշել է, որ որոշումը թողնում է դատարանի հայացողությանը։

Գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները կողմ էին դատական նիստը կանգ առած տեղից շարունակելուն՝ հաշվի առնելով ամբաստանյալների՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ 2011 թվականից։

Մեղադրող Սասուն Խաչատրյանն էլ 4-5 օր ժամանակ է խնդրել՝ քրեական գործի քննությունը վերսկսելու կամ կանգ առած տեղից շարունակելու հարցի վերաբերյալ մտածելու համար:

Դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստը հետաձգել է՝ հաջորդը նշանակելով փետրվարի 12-ին։

Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Վերջիներս, ինչպես նաև նրանց պաշտպանները հայտարարել են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան:

Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին պատմել էր, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն:

Լուսանկարում՝ գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը