Home / Տեսանյութեր / Եհովայի վկաները պնդում են՝ քաղաքապետարանի որոշումը կրոնական հիմքով է. դատ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եհովայի վկաները պնդում են՝ քաղաքապետարանի որոշումը կրոնական հիմքով է. դատ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ Վարչական դատարանում քննվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության բողոքն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Կազմակերպությունը վիճարկում է 2012 թվականին քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության վարչության պետ Անդրանիկ Քասայանի երեք որոշումները, ըստ որոնց կազմակերպությանը չի տրվել կրոնական հավաքների համար շենք կառուցելու թույլտվություն: Քաղաքապետարանը կազմակերպությանը մերժել է երեք հասցեների դեպքում։

Կրոնական կազմակերպության ներկայացուցիչները դատարան են դիմել, քանի որ կարծում են, թե այդ երեք որոշումներն ընդունվել են բացառապես իրենց կրոնական պատկանելությունը հաշվի առնելով:

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության պաշտպան Արթուր Մարտիրոսյանը (լուսանկարում) ասել է, որ քաղաքապետարանի մերժումն իրավական հիմնավորմամբ չի կատարվել, այլ որպես հիմնավորում նշվել է, որ թույլտվություն տալը «նպատակահարմար» չէ:

Եհովայի վկաները նաև դատարան են ներկայացրել փաստաթղթեր և լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ քաղաքապետարանը բազում այլ դեպքերում թույլ է տվել այլ կրոնական կազմակերպություններին հավաքի վայրերի շինարարություն իրականացնել:

Ինչպես Epress.am-ին հաղորդել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Էդուարդ Դանիելյանը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը երեկ դատարանում գրավոր միայն մեկ էջ է ներկայացրել, հիմնականում բանավոր պարզաբանում ներկայացնելով։ Նա խոսել է միայն մեկ հասցեի մասին՝ նշելով, որ հարակից շենքերի բնակիչները դեմ են եղել իրենց հարևանությամբ նման հավաքի վայր կառուցելուն։ Մյուս երկու հասցեներին քաղաքապետարանի ներկայացուցիչը չի անդրադարձել։

Հաջորդ դատական նիստի օրվա մասին դատարանը խոստացել է լրացուցիչ ծանուցել։