Home / Հայաստան / Նախագահականից ֆինանսավորվող հիմնադրամի տնօրենը դանակահարել է քաղաքացուն․ հայտարարություն

Նախագահականից ֆինանսավորվող հիմնադրամի տնօրենը դանակահարել է քաղաքացուն․ հայտարարություն

ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Գրիգոր Ամիրյանին դանակահարելու մասին «Հայազն» կուսակցության հայտարարության հիման վրա։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։

«Հայազն» կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմին կից վարչություններից մեկի աշխատակիցներ ներկայացող մի խումբ անձինք ու նրանց ղեկավար Կարեն Վրթանեսյանը նախապես ծրագրավորված ծեծկռտուք են սադրել։

«Այդ ընթացքում հիշյալ անձի մերձավոր օգնական` Կարեն Վրթանեսյանին պատկանող և նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք և կտրելով արյունատար անոթը: Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը և Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը», – ասված է հայտարարությունում։

Epress.am-ի հետ զրույցում Մալխասյանը նշել է, որ հայտարարությունը տարածելուց հետո հետաքննիչը այցելել է տուժողին, քանի որ դեպքի օրը նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալ։

Հայտարարության մեջ «Հայազն»-ն ընդգծել է, որ «Կարեն Վրթանեսյանի գլխավորած մերձիշխանական կիսագաղտնի կառույցի գործառույթներից մեկը քաղաքական մանկապղծությունն է՝ հայրենասիրական տրամադրություններ ունեցող երիտասարդների շրջանում՝ նրանց ապաքաղաքականացումը և իշխանական կառույցների հսկողության ներքո հավաքագրումը, տարատեսակ քարոզչական արշավները, որոնք իբր ավելի դրական վերաբերմունք պետք է ձևավորեն Սերժ Սարգսյանի ակնհայտ ապազգային իշխանության նկատմամբ»:

«Մենք մտադիր ենք իրազեկել հանրությանը իր հարկերի հաշվին գոյություն ունեցող այդ կառույցի գործունեության ու կազմի վերաբերյալ: Կարեն Վրթանեսյանը վերջին շրջանում անթաքույց պարծենում է Վատիկանում ՀՀ դեսպանի (Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան – խմբ․) ղեկավարած ինչ-որ օղակի աշխատակից լինելու հանգամանքով:

Հանդիպելով տուժողի ներկայացուցիչների հետ՝ Կարեն Վրթանեսյանը ոչ միայն որևէ զղջում չի ցուցաբերել, այլև ցինիկաբար հայտարարել է, որ իր ընկերներից ոչ ոք ոչ մեկի չի դանակահարել», – նշված է «Հայազն»-ի հայտարարության մեջ: