Home / Տեսանյութեր / Դատարանը «պատվարժան» է, ոչ թե «հարգելի»․ փաստաբանը՝ անիմաստ դիմելաձևի մասին

Դատարանը «պատվարժան» է, ոչ թե «հարգելի»․ փաստաբանը՝ անիմաստ դիմելաձևի մասին

«Հարգելի դատարան» արտահայտությունը «պատվարժան դատարան» արտահայտությամբ փոխարինելը չի բարձրացնի դատարանների պատիվը, քանի դեռ վերջիններս անկախ, արդար և անաչառ չեն։ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Գայանե Խաչատրյանը։

Նշենք, որ 2014 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ է մտել ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որի 100-րդ հոդվածի համաձայն, այսուհետ դատավարության մասնակիցները և այլ անձինք նախկին «հարգելի դատարան»-ի փոխարեն դատարանին պետք է դիմել «պատվարժան դատարան» արտահայտությամբ։

«Թեև գործող դատավարական այլ օրենսգրքերում փոփոխություններ դեռ չեն արվել, բայց «պատվարժան դատարան» դիմելաձևը սահմանված է նաև քրեական դատավարության օրենսգրքի նախագծերով։ Ինչպես միշտ մեր օրենսդրական փոփոխությունները կրում են ձևական բնույթ և արդյունավետ չեն, քանի որ բուն խնդիրներն ու թերությունները փոփոխելու կամ վերացնելու փոխարեն, փոփոխություններ առաջարկող և օրենսդիր մարմինները փոխում են արտահայտությունները, կամ բառացի թարգմանում այլ օրենսգրքերից, ինչպես նաև այլ տարբերակ առաջարկում՝ ցուցադրելով իբրև հսկայական կատարած աշխատանք, ինչպես այս դեպքում», -նշել է մեր զրուցակիցը։

Վերջինս կարծիք է հայտնել, որ դիմելաձևը փոփոխելու փոխարեն, լավ է մտածեին դատարանների պատիվը գործնականում բարձրացնելու մասին։

«Որքան էլ դատարաններին դիմենք «պատվարժան դատարան»-ով, դրանից նրանց պատիվը չի բարձրանա։ Անգամ խուսափում էի նախկինում ընդունված «հարգելի դատարան» արտահայտությամբ շատ հաճախ դիմել դատարաններին, ուր մնաց հիմա «պատվարժան դատարան»», -եզրափակել է Խաչատրյանը։