Home / Հայաստան / Թուրք լինելը դժվար է․ Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսն ահազանգում է

Թուրք լինելը դժվար է․ Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսն ահազանգում է

Ադրբեջանցի հրապարակախոս, Թուրքիայում նախկին գլխավոր հյուպատոս Իբրահիմ Նաբիօղլուն «Այնա» թերթում հրապարակած իր հոդվածում մտահոգություն է հայտնել թուրքական հասարակությունում առկա՝ ազգային, քաղաքացիական, էթնիկական ինքնության մասին քննարկումների վերաբերյալ։ Նաբիօղլուն, մասնավորապես, գրում է, որ Թուրքիայում գնալով ավելի անպարկեշտ է դառնում հրապարակավ խոստովանել, որ «թուրք ես»։

««Ինչպիսի երջանկություն է թուրք լինելը» խոսքերը, որոնցով Աթաթյուրքը 1993 թվականին եզրափակեց Թուրքիայի Հանրապետության 10-ամյակին նվիրված իր ելույթը, վերաբերում են ոչ թե նրան, «ով երջանիկ է թուրք լինել», այլ նրան, ով իրեն թուրք է համարում։ Մուստաֆա Քեմալ փաշային նույնիսկ այս զգայուն ու նուրբ թեմային է փայլուն մոտեցում ցուցաբերել։

Հանրապետության ստեղծումից 90 տարի անց նրա հետքերը սկսեցին մաքրել։ Նախ ամենուր մաքրեցին Աթաթյուրքի «ինչպիսի երջանկություն է թուրք լինելը» խոսքերը, ապա բոլոր վարչական շենքերի վրայից ջնջեցին «T. C.»-ն՝ «Türkiyə Cümhuriyyəti»-ի հապավումը (Թուրքիայի Հանրապետություն)։

Դրանով չբավարարվեցին։ Այս անգամ կրթության օջախներից մաքրեցին աշակերտների երդումը՝ «Ես թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր են»։

Վերջապես կարմիր գիծն էլ հատեցին՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նիստի ժամանակ իջեցրին Թուրքիայի դրոշը։ Ոչ թե Իրաքում կամ Սիրիայում, այլ Թուրքիայում՝ Հանրապետության հենց կենտրոնում։

Իսկ վերջնակետը դրեց իշխող կուսակցության առաջատար գաղափարախոսներից մեկը՝ պրոֆեսոր Յասին Աքթայը՝ հայտարարելով․ «Թուրք ռասա գոյություն չունի»։

Այլազգիների ու այլ հավատքներ ունեցողների նկատմամբ թշնամություն կա բազմաթիվ երկրներում։ Օրինակ, ռուսները չեն սիրում կովկասցիներին, ուկրաինացի ազգայնականները՝ ռուսներին, հայերը՝ թուրքերին։ Իսկ թուրքերը չեն սիրում ոչ թե այլազգիներին, այլ՝ թուրքերին։ Ու այս ակնհայտ թուրքական թշնամությունը վերջին ժամանակներում ռադիկալ բնույթ է ստացել։ Թուրքի նկատմամբ թշնամությունը, ատելությունը, Թուրքիայում ամենուր նրա նվաստացումն արդեն ոչ ոքի չի զարմացնում։

Խոսքեր, կարգախոսներ, երդումներ՝ ամեն ինչ փոխվում է։ Հետզհետե կփոխվի նաև պատմությունը, իսկ այնուհետև՝աշխարհագրական անվանումները։ Քանի որ, վերջիվերջո, կփոխվեն նաև սահմանները։ Դրա համար անհրաժեշտ նախնական աշխատանքն արդեն ավարտվել է։

Թուրքական դրոշի բարձրացումն արդեն վիրավորանք է համարվում․․․

«Ես թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» ասելը պարզունակություն է համարվում․․․

Թուրքական ազգայնականությունը հավասարեցվում է ֆաշիզմի․․․

Թուրքական ազգայնականության օգտին հանդես գալը ռասիզմ է համարվում․․․

«Կան քրդեր» ասելու համար պետք է ասել «չկան թուրքեր»։

Իսկ ամենակարճ ճանապարհը [ազգային ինքնությունից] հրաժարվելն է, հարցը արմատապես լուծելը։

«Թուրք ռասա գոյություն չունի», և վերջ։

Մնում է միայն փոխել երկրի անվանումը․ արմատում կա «թուրք» բառը»։