Home / Հայաստան / Սեյրան Օհանյանը սահմանին կրակոցները բացատրել է «Սև հունվար»-ով

Սեյրան Օհանյանը սահմանին կրակոցները բացատրել է «Սև հունվար»-ով

Փորձը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է լինում այն ժամանակ, երբ տեղի է ունենում որևէ կարևոր քաղաքական իրադարձություն կամ կրակոցները կապվում են պատմական նշանակություն ունեցող որևէ օրվա հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին ադբեջանական կողմից հնչող կրակոցները կապված են «Սև հունվար»-ի հետ, ինչպես դա անվանում են ադրբեջանցիները։ Նշենք, որ 1990 թվականին՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, խորհրդային զորքերը Բաքվում քաղաքական ընդդիմությունը ճնշելու գործողություն իրականացրին։

Օհանյանն ասել է, թե պետք չէ մոռանալ, որ հունվարը սև էր նաև հայերի համար, որոնք Սումգայիթում և Բաքվում ջարդերի ենթարկվեցին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատերազմի վերսկսման վտանգ կա՝ նախարարը նշել է, որ նման վտանգը միշտ էլ առկա է, սակայն այս պահին նման զարգացում հազիվ թե տեղի ունենա։

Օհանյանը հավելել է, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը միշտ էլ պատրաստ է յուրաքանչյուր զարգացման։