Home / Հայաստան / Վլադիմիր Գասպարյանը պնդում է՝ Շիրակի ոստիկանապետի հեռացումը Ղուկասյանների հետ կապ չունի

Վլադիմիր Գասպարյանը պնդում է՝ Շիրակի ոստիկանապետի հեռացումը Ղուկասյանների հետ կապ չունի

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի կարծում, որ Վարդան Ղուկասյանը կամ նրա որդին պետք է հանդիսանան այն անձինք, որ ինքը ոստիկանապետ փոխի՝ «մի քիչ շատ չի՞»: Այս մասին Գասպարյանն ասել է այսօր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղի ունեցած փակ խորհրդակցությունից հետո, գրում է News.am-ը։

Ոստիկանապետը նշել է, որ իր այցի նպատակն է ներկայացնել տարածքային նոր ոստիկանապետին՝ գնդապետ Վարդան Նադարյանին, ով փոխարինելու է պաշտոնից ազատված Կարեն Բաբակեխյանին։ 

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ օրեր առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի է ունեցել ունեցած միջադեպ․ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Բալասանյանի հասցեին։

Գասպարյանն ասել է, որ մասնագիտական բացահայտումների առումով բավարար է գնահատում Կարեն Բաբակեխյանի աշխատանքը, բայց բավարար չի գնահատում, որ անձնակազմը չի կարողացել իր վարչության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերություններն ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում:

Հարցին, թե Գյումրիում ոստիկանության աշխատանքը բարդ է, Գասպարյանը պատասխանել է. «Ոստիկանության աշխատանքը ընդհանրապես բարդ է և անշնորհակալ, բայց չեմ կարծում, որ ոստիկանության համար ինչ-որ մի խնդիր կա, որը հնարավոր չէ լուծել: Կան ոստիկաններ, որոնք դա չեն ուզում անել, չեն ուզում անել, որովհետև քավոր են, սանիկ են, ազգական են, ցեղակից են, քյաբաբի ընկեր են»:

Ոստիկանապետը շեշտել է, որ իր խոսքի մեջ քաղաքական երանգ չպետք է փնտրել, քանի որ քաղաքականությունը նեղ քաղաքական ժանր է, ոստիկանությունը ապաքաղաքականացված է, «մենք բոլորի ոստիկաններն ենք, մեր նպատակները շատ ավելի մեծ են, քաղաքական գործիչները նրանք են, ովքեր մտածում են ընտրությունների մասին, պետական գործիչները նրանք են, ովքեր մտածում են սերունդների, ապագայի մասին»: