Home / Հայաստան / Նախկին ամուսինը հարվածել և հայհոյել է 27—ամյա կնոջը․ ոստիկանությունը քրգործ չի հարուցել

Նախկին ամուսինը հարվածել և հայհոյել է 27—ամյա կնոջը․ ոստիկանությունը քրգործ չի հարուցել

Ոստիկանությունը մերժել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հասմիկ Խաչատրյանի բողոքը, ով պահանջում էր քրեական գործ հարուցել իր նախկին ամուսնու՝ Սարգիս Հարությունյանի նկատմամբ։

Խաչատրյանն իր բողոքում նշել է, որ Հարությունյանին հանդիպել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Թերի լսող երեխաների վերականգնողական դպրոցում, որտեղ սովորում է իրենց աղջիկը։ Այդ ժամանակ արդեն Խաչատրյանի մեկ այլ բողոքի հիման վրա քրեական գործ հարուցված էր, գործը գտնվում էր նախաքննության փուլում։ Վիճաբանության ընթացքում նախկին ամուսինը հարվածել է Խաչատրյանին ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։ Epress.am-ի հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը ասել է, որ այս փաստը ապացուցում է, որ նախկին ամուսինը կնոջ հանդեպ բռնությունը շարունակում է և դա հիմնավորում է իրենց միջնորդությունը՝ Հարությունյանի դեմ կալանք կիրառելու մասին․ Հարությունյանը սպառնում է Խաչատրյանի առողջությանը։

Ոստիկանության հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է․

«Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեկ հարվածը չի կարող համարվել ծեծ։ Ծեծը ենթադրում է տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը, որոնց արդյունքում տուժողին ֆիզիկական ցավ է պատճառվել»։

Թեև ոստիկանությունը մերժել է բողոքը, այդ որոշումը Խաչատրյանի կողմը որպես հիմնավոր փաստ կներկայացնի Հարությունյանի նկատմամբ կալանք կիրառելու համար, քանի որ հաստատված է համարվել կնոջը հարվածելու փաստը։

Նշենք, որ Հասմիկ Խաչատրյանին հարվածելու փաստը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննություն էր ընթանում կնոջ ավելի վաղ ներկայացված բողոքի հիման վրա, համաձայն որի նախկին ամուսինը 9 տարի իրեն ծեծի է ենթարկել։

Այդ առթիվ քրեական գործ է հարուցվել, Սարգիս Հարությունյանը մեղադրվում է խոշտանգման մեջ, որը կատարվել է նյութական կախվածության մեջ գտնվող անձի հանդեպ։

Այդ գործով դատական նիստն այսօր հետաձգվել է։