Home / Հայաստան / Ադրբեջանցին ընտանիքով Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրում․ ԱԱԾ

Ադրբեջանցին ընտանիքով Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրում․ ԱԱԾ

Հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով, հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

«Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:

Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները», – նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այժմ Օրուջևի ընտանիքի հետագա ճակատագրով զբաղվում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Միգրացիոն գործակալությունը։