Home / Տեսանյութեր / «Վախկոտներն ազատության չեն արժանանում». Շանթ Հարությունյանի ծննդյան օրը նշեցին հրապարակում

«Վախկոտներն ազատության չեն արժանանում». Շանթ Հարությունյանի ծննդյան օրը նշեցին հրապարակում

Պատմությունը ցույց է տվել, որ վախկոտ ժողովուրդները երբեք չեն արժանանում ոչ ազատության, ոչ էլ երջանիկ և բարեկեցիկ կյանքի: Այս մասին ասված է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ուղերձում, որն այսօր՝ Հարությունյանի ծննդյան օրը, բաժանվել է Ազատության հրապարակում ներկաներին:

«Նմաններին մեր էպոսը ցռան վերգոներ է կոչել», – նշել է Հարությունյանը:

Նա նաև ընդգծել է, որ փայտերով, ձողերով, մոլոտովյան կոկտեյլներով հեղափոխություն անելու իր կոչին վերջին ամիսներին հետևում է Ուկրաինայի ժողովուրդը:

Ըստ Հարությունյանի՝ եթե մի երկրում հանցավոր իշխանությունը համառում է, ապա հեղափոխությունը միայն նման մեթոդներով կարող է իրականություն դառնալ:

  1politprisoners

Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի ծննդյան օրվա առիթով այսօր Ազատության հրապարակում անցկացված միջոցառումը, ըստ կազմակերպիչների, նվիրված էր Հայաստանի բոլոր ժամանակների քաղբանտարկյալներին:

Միջոցառման մեկնարկին՝ 13:00-ին, կազմակերպիչներին են մոտեցել մի խումբ ոստիկաններ ու խնդրել են հեռանալ հրապարակից 15 րոպեի ընթացքում՝ պատճառաբանելով, թե միջոցառումն արտոնված չէ:

Միջոցառման կլազմակերպիչներից մեկը՝ Վրեժ Զատիկյանը, հայտարարել է, թե երեկ հանդիպել է ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին ու պայմանավորվածություն է ձեռք բերել անցկացնել միջոցառում: Պայմաններից մեկը, ըստ Զատիկյանի, եղել է ոգելից խմիչքներից հրաժարվելը:

Այսօր հրապարակում Օսիպյանը հերքել է, թե նման պայմանվորվածություն է եղել, ու հրահանգել է հավաքել սեղանը, որի վրա եռագույն դրոշի տեսքով և «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» գրությամբ տորթ է դրված եղել, իսկ սեղանի շուրջը քաղբանտարկյալների նկարներով պաստառներ:

2politprisoners

Հավաքվածները հարցրել են ոստիկաններին՝ այդ դեպքում ինչ անեն տորթը, իսկ Օսիպյանը խորհուրդ է տվել ձեռքով այն պահել: Ոստիկանը նշել է, որ եթե իրենք թույլ տան նշել Շանթ Հարությունյանի ծննուդը հրապարակում, ապա դա կարող է նախադեպի վերածվել, ու  յուրաքանչյուր քաղաքացի կարող է ցանկություն հայտնել իր ծնունդը հանրային վայրում նշել:

Ամեն դեպքում, ոստիկանները սպասել են մինչև միջոցառման ավարտը, որի ընթացքում ներկաներին բաժանել են տորթը, երգել են հայրենասիրական երգեր և ազատությանը նվիրված հայ պոետների բանաստեղծություններ են ընթերցել: 

0politprisoners